ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալներով, այս տարվա նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6․3 տոկոս աճ անցած տարվա նոյեմբերի համեմատ։ Սա ակնհայտորեն «նկարված» ցուցանիշ է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո գյուղատնտեսության ցուցանիշներում գահավիժում արձանագրվեց։ Սեպտեմբերին պաշտոնական տվյալներով գյուղմթերքների արտադրությունը նվազել էր 20 տոկոսով, հոկտեմբերին՝ 30 տոկոսով։ Ու շատերի կարծիքով կառավարությունն ուղղակի մաքրում էր այդ ոլորտում նախկինում արված հավելագրումները և փորձում հնարավորինս իրականությանը մոտ ցուցանիշներ հրապարակել։ Սակայն արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազում էր և ազդում էր կառավարույան վարկանիշի վրա։ Նոյեմբերին, փաստորեն, կառավարությունը որոշել է «շտկել» իրավիճակը և աճեր ցույց տալու նպատակով կրկին դիմել է ամենազոր «վրձնին»», ֊ նշում է թերթը։