Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը, ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրես կուսացության համաժողովին, կոչ արեց վերանայել ղարաբաղյալ խնդրի վերաբերյալ բոլոր ավանդական մոտեցումները, և նույնիսկ ավելին՝ պետության՝ ներքին ու արտաքին քաղաքականության հետագա զարգացման մեկ այլ պատկերացման մասին։ Այս ելույթը համեմատում են 20 տարի առաջ Տեր֊Պետրոսյանի ելույթների հետ, երբ Ղարաբաղի հարցում փոխզիջումների կոչերը որպես ամբողջ երկրի հետագա զարգացման պարտադիր պայման, նրան, կարելի է ասել, զրկեցին նախագահությունից։ Այն մասին, թե Տեր֊Պետրոսյանն ինչ, ինչու և ում էր ասում, «Էխո Կավկազա» կայքի թղթակից Վադիմ Դուբնովը խոսել է հայաստանցի քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանի ու Միքայել Զոլյանի հետ։
Վադիմ Դուբնով ֊ Ալեքսանդր, Դուք 1996 թիվը հիշում եք, ինչպես երեկ։ Ասե՛ք, սա նույն ելո՞ւյթն էր, նույն թեզե՞րը։ Հասկանում եմ, որ բեմն ու օրակարգն ուրիշ են, բայց եթե համեմատենք 20 տարի առաջվա հետ, սա վերադարձ է նույն համարո՞վ, թե՞ մեկ այլ հայտ է։
Ալեքսանդր Իսկանդարյան ֊ Դե, թեզերը գրեթե նույնն են, բայց պատմական հեռանկարում․ այսինքն, Լևոն Տեր֊Պետրոսյանի ասածը միայն այն մասին չէր, որ պետք է անել ահա սա և սա, այլ նաև նշանակում էր՝ «ես ճիշտ էի»։ Նշանակում էր, որ «խոսակցությունը, որ եղավ այն ժամանակ ու ինձ զրկեց աթոռից, կարելի է վարել նաև այսօր, ու ես կփորձեմ խոսել նույնի մասին»։ Մոտավորապես այսպես․ իհարկե՝ համաձայնեցված անցած տարիների ու առկա քաղաքական իրողության հետ։ Նա միայն դրա մասին չէր խոսում, այլև՝ մեկնաբանում էր Հայաստանի հասարակությունում ընթացիկ դիսկուրսները։
Վադիմ Դուբնով ֊ Միքայել, սա ավելի շատ նախընտրական ելո՞ւյթ էր, թե՞՝ իսկապես հայեցակարգային բեկում կամ նման բեկումի փորձ։
Միքայել Զոլյան ֊ Կարծում եմ՝ երկուսն էլ։ Ես, իհարկե, համաձայն եմ Ալեքսանդրի հետ, որ սկզբունքորեն ոչ մի նոր բան լսեցինք։ Միակ նոր բանն այն է, որ Տեր֊Պետրոսյանը հանդես է գալիս որպես ընդդիմության առաջնորդ, ու այդ տեսանկյունից սա բավականին հետաքրքիր ելույթ էր, քանի որ սովորաբար ընդդիմությունը փորձում է այն կամ այն չափով խաղադրույթ անել պոպուլիզմի վրա, այնպիսի կարգախոսերի, որոնք իրենց ձայներ կբերեն։ Տեր֊Պետրոսյանի կողմից ներկայումս հնչող հռետորաբանությունից ելնելով՝ ես, անկեղծ ասած, կասկածում են, որ Հայաստանում սա մեծ ձայներ կբերի։ Ակնհայտ է, որ Տեր֊Պետրոսյանը այս ընտրություններում հաղթանակի հույսեր չունի։ Եթե համեմատենք նրա 2008թ․ հռետորաբանության հետ, երբ նա նախագահի թեկնածու էր, ապա այն ժամանակ նա չէր փորձում շեշտը դնել Ղարաբաղի խնդրի վրա՝ խոսում էր կոռուպցիայի, ժողովրդավարության համար պայքարի մասին, այսինքն՝ այն ամենի, ինչի մասին սովորաբար խոսում է հետխորհրդային ընդդիմությունը։ Իհարկե, նա չէր հրաժարվում Ղարաբաղի վերաբերյալ իր տեսանկյունից, բայց ասում էր, որ նրա նպատակը դա չէր, նա իշխանության գալիս էր ոչ թե ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, այլ՝ «ավգյան ախոռները մաքրելու»՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, և այլն։
Այժմ նա փաստորեն ընդունում է, որ չի պատրաստվում պայքարել իշխանության համար, այլ՝ փորձում է որոշակի հատուկ տեղ զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտում ու հանդես գալիս փոխզիջումային գաղափարով՝ որպես հիմնական նախընտրական կարգախոս։ Սա նոր ու բավական հետաքրքիր մոտեցում է, քանի որ այսօր ամենուր՝ ԱՄՆ֊ից մինչև Եվրոպա, հաղթում են հենց պոպուլիստները, ազգայնականները՝ նրանք, ովքեր շեշտը դնում են իսթեբլիշմենթի դեմ պայքարի վրա։ Իսկ Տեր֊Պետրոսյանը, ըստ էության, հանդես է գալիս բոլորովին հակառակ դիրքորոշմամբ․ նա ասում է, որ խնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ՝ հակամարտությունը, խոսում է հակաազգայնական տեսանկյունից, չի փորձում շահարկել պոպուլիստական հռետորաբանությունը, ինչը բավական հետաքրքիր է, ու դեռ պետք է հասկանալ՝ ինչու է նա նման կերպ վարվում։
Վադիմ Դուբնով ֊ Իրոք՝ շատ հետաքրքիր է։ Եթե չխոսենք ապրիլյան հաջողության մասին, ապա ի՞նչ դաշտում ու ի՞նչ ծավալով է նա փորձում ինքնահաստատվել։
Միքայել Զոլյան ֊ Կարծում եմ՝ մի քանի պահեր կան։ Առաջինը՝ մի կողմից, նա, հավանաբար, գտնում է, որ կա ընտրազանգվածի մի մաս, որի համար խաղաղության ու փոխզիջման գաղափարն այնքան կարևոր է, որ նրանք կգան ու կքվեարկեն, ու դա կլինի բավարար խորհրդարան անցնելու համար․ այսինքն՝ մոտ 5֊7%: Կարծում եմ՝ նա իրատեսրոն հավատում է, որ Հայ ազգային կոնգրեսն ավելիին այսօր չի կարող հասնել, ու, հետևաբաև, անհրաժեշտ է փորձել ապահովել ընտրազանգվածի գոնե այս հատվածի աջակցությունը։ Մյուս կողմից, նա համարում է, որ սա հնարավորություն կտա համաձայնության գալ Սերժ Սարգսյանի հետ։ Նա մեսիջ է ուղարկում, որ եթե Սերժ Սարգսյանն ինչ֊որ զիջումների գնա ղարաբաղյան հարցում, եթե լինի փոխզիջում, ինչը նախատեսում է անխուսափելի փոխզիջումներ երկու կողմերից, ապա ինքը Սերժ Սարգսյանին չի անվանի դավաճան, չի քննադատի նրան ազգայնական դիրքերից։ Այդ իսկ պատճառով, Սերժ Սարգսյանին ավելի ձեռնտու է խորհրդարանում ունենալ [Տեր֊Պետրոսյանի] կուսացություն, քան այն կուսակցությունները, որոնք հուլիսին աջակցեցին «Սասնա ծռերի» ակցիան։
Վադիմ Դուբնով ֊ Ուզում եմ Ալեքսանդրին հարցնել․ չեմ ուզում դավադրության տեսաբանի տպավորություն թողնել, բայց չէ՞ որ այն, ինչ ասում է Տեր֊Պետրոսյանը, իրականում պետք է հավանության արժանանա և՛ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում, և՛ Բաքվում, և, ի դեպ, Երևանում՝ Սերժ Սարգսյանի կողմից, ով անձամբ կանգնած է բավական բարդ ընտրության առաջ՝ գնա՞լ փոխզիջման, թե՝ ոչ, եթե գնալ, ապա ինչպես այդ ամենը կազմակերպել․ ու հանկարծ նման փոխանցում է ստանում Տեր֊Պետրոսյանից։ Դավադրության տեսաբանների համար այստեղ գայթակղության տարածություն չի՞ ստեղծվում։
Ալեքսանդր Իսկանդարյան ֊ Դավադրության տեսաբանները գայթակղություն տեսնում են ամեն ինչում, օրինակ, ամենօրյա արշալույսում։ Ես, անձամբ, չեմ կարծում, որ Մոսկվային, Վաշինգտոնին, Պեկինին ու Բաքվին այդքան հետաքրքրում է՝ արդյոք Լևոն Տեր֊Պետրոսյանի կուսակցությունը 5֊տոկոսանոց շեմը կանցնի, թե ոչ։
Վադիմ Դուբնով ֊ Նկատի չունեմ շեմը, այլ հենց թեզերը․․․
Ալեքսանդր Իսկանդարյան ֊ Կարծում եմ՝ այդ թեզերը Ղարաբաղի հետ շատ կապ չունեն։ Պարոն Զոլյանի հետ միանշանակ համաձայն եմ․ Տեր֊Պետրոսյանը, առաջին հերթին, ասում է՝ «տղեք, ես ուզում եմ ընդդիմություն լինել․ հնարավոր է՝ ուզում եմ գլխավոր ընդդիմությունը լինել», երկրորդ ասածն է՝ «ես պատրաստ եմ խաղալ ըստ կանոնների», և երրորդը՝ «ես, ի տարբերություն շատ շատերի, որոնք խաղում են ծայրահեղականության դաշտում, պատրաստ եմ իսկապես խոսել հաշտվողականորեն»։ Այսինքն, նա իսկապես նախընտրական քարոզարշավ է սկսել, ու բավականին հետաքրքիր պահի՝ ամանորյա արձակուրդներից առաջ։ Միանգամայն համոզված եմ, որ նա դեռ կխոսի տնտեսությունից, կոռուպցիայից, սոցիալական վիճակից․ բայց վստահ չեմ, որ խաղին մասնակցելու իր մտադրության մասին Ամանորին ընդառաջ հայտարարելու քայլը կաշխատի։ Ամեն դեպքում, սա խորհրդարանում ինչ֊որ տեղ զբաղեցնելու հայտ է։
ՀԱԿ֊ի հակառակորդները բոլորովին էլ «հանրապետական» չեն, որոնց հնարավոր չէ հաղթել։ Խոսքը ընդդիմադիր ուժերի միջև պայքարի մասին է խորհրդարանում հիմնական ընդդիմության դիրքը զբաղեցնելու համար։ Լինելու են տարբեր փոքրիկ բաժանումներ՝ արևմտամետ ընդդիմություն, ծայրահեղական ընդդիմություն, հանգիստ ընդդիմություն, կառուցողական ընդդիմություն․ դրանցից մեկը կարելի է ընտրել ու փորձել դրանով առաջ գնալ։ Կարծում եմ՝ Տեր֊Պետրոսյանի կուսակցությունն շանս ունի ու մարդկանց ինչ֊որ հատված կարող է քվեարկել դրա օգտին․ Հայաստանում շեմը 5 տոկոսանոց է․ այն հեշտորեն կարելի է հատել։
Վադիմ Դուբնով ֊ Ճի՞շտ եմ հասկանում, որ Ղարաբաղում որոշակի խաղաղարարության ու փոխզիջման մենաշնորհը Լևոն Տեր֊Պետրոսյանից ոչ ոք չի խլել։
Ալեքսանդր Իսկանդարյան ֊ Տեր֊Պետրոսյանը ասածն այժմ բանակցությունների սեղանին է՝ դրանք Մադրիդյան սկզբունքներն են։ Մոտ ապագայում ղարաբաղյան հարցի լուծման կամ նույնիսկ չլուծման հեռանկար չկա։ Մինսկի խումբն այսօր փորձում է պահպանել ստատուս քվոն ու պահել բռնությունը որոշակի մակարդակի վրա։ Չեն կարողանում համաձայնության գալ այնպիսի պարզ հարցերի շուրջ, որոնք են, օրինակ, սահմանին դիտորդների տեղադրումն ու դրանց թիվը՝ 12, 15 կամ 20։ Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա շուրջ բոլոր հարցերն այսօր գտնվում են նման մակարդակի վրա։ Բեկումների մասին խոսք լինել չի կարող․ բայց ապրիլյան դեպքերից հետո ղարաբաղյան հակամարտության հռետորաբանությունն օգտագործելն ու ներքին քաղաքական շուկայում նախկինում չառաջարկված ինչ֊որ ձևաչափ առաջարկել կարելի է։
Վադիմ Դուբնով ֊ Միքայել, համաձա՞յն եք, որ ղարաբաղյան հարցը տվյալ համատեքստում ավելի շատ գործիքային է, քան՝ գաղափարային։
Միքայել Զոլյան ֊ Կարծում եմ, որ կա երկու տարբերակ, ու մենք չգիտենք՝ իրականում ճիշտը որն է։ Առաջին տարբերակն այն է, որ Լևոն Տեր֊Պետրոսյանը, որպես քաղաքական գործիչ ու Հայաստանի առաջին նախագահ, իսկապես իր նպատակն է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ու, հետևաբար, պատրաստ է դրա համար անել ամեն ինչ, այդ թվում՝ հարցականի տակ դնել իր կուսակցության հեռանկարները։ Երկրորդ վարկածը պարոն Իսկանդարյանի հնչեցրածն է, ինչի հետ ես նույնպես համաձայն եմ․ Տեր֊Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, հաշվի է առնում այն, որ ընտրությունների մասնակցող ոչ մի այլ քաղաքական ուժ չի զբաղեցնում իր հնչեցրած դիրքորոշումը։ Ընդդիմադիր դաշտում կան ծայրահեղական կուսակցություններ, կան կուսակցություններ, որոնք իրենց ներկայացնում են որպես արևմտամետ․ Տեր֊Պետրոսյանն իրեն դիրքավորում է է որպես խաղաղության ու փոխզիջման մարտիկ։