Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն այսօր հրարաժվել է քննել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ձերբակալված անդամ Կարո Եղնուկյանի բողոքը։ Վերջինս իր բողոքում պնդում էր, թե իր համար պարզ չեն եղել իրեն առաջադրված մեղադրանքները, ինչի հետևանքով ինքը չի կարողացել օգտվել իր մի շարք իրավունքներից:
Նույն դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում այսօր մերժվել է Եղնուկյանի մեկ այլ բողոք, որը քննիչի դեմ էր։ Վերջինս քրեական գործ չէր հարուցել 2016 թվականի հունիսի 30-ին Եղնուկյանի տուն այցելած ոստիկնության աշխատակիցների դեմ, ովքեր նրա կնոջը բերման ենթարկելու նպատակով ցանկացել են մտնել բնակարան, այնինչ չեն ունեցել համապատասխան որոշումը։
Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ավելի վաղ Epress.am-ի հետ զրրույցում նշել էր, որ այս հարցով իրենց օգտին կայացրած վճիռը կարևոր նախադեպ կլիներ, քանի որ կհստակեցվեր բնակարանի անձեռնմխելության իրավունքն ու քաղաքացիների իրավուքներն ավելի պաշտպանված կլինեին։
«Սա շատ կարևոր գործ է, որովհետև մինչև այսօր հստակեցված չէ այդ իրավունքը։ Սահմանադրության մեջ ասվում է, որ բնակարան մուտք գործելը պետք է դատարանը թույլ տա, իսկ քրեական դատավարությունում մի նորմ կա, որով քննիչը հանցագործություն բացահայտելու նպատակով կարող է իր որոշմամբ մուտք գործել բնակարան, սակայն սա պետք է պատճառաբանված լինի, որն այս դեպքի շրջանակներում չի աշխատում»,- ասել էր Հայրապետյանը։