«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի պայմանագրի գործողությունը դադարեցվել է։ Այս մասին, համաձայն Սյունիքի մարզպետարանի հաղորդագրության, այսօր բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքից ազատման պատճառը տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստն է, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ։ Նշենք, որ նախորդ տարվա վերջին Կապանի բժշկական կենտրոնում մահացել էր 26-ամյա ծննդկան Մարինե Իվանյանը, և վերջինիս հայրը՝ Վարդան Իվանյանը բողոք էր ներկայացրել բժիշկների դեմ։ Դեպքի առթիվ նաև քրեական գործ էր հարուցվել։
Epress.am-ի հետ զրույցում Իվանյանն ասել է, որ իր կարծիքով ոչ միայն իր դիմումի հիման վրա են ազատել Օրբելյանին։
«Էդ հիվանդանոցում էլի են նորածիններ մահացել, մեկն էլ 8 ամսական էր, այլ ծնողներ էլ են բողոքել», – մահացած ծննդկանի հայրը։
Անդրադառնալով Մարինե Իվանյանի բժշկի՝ Սամվել Միկոյանի հարցին, մեր զրուցակիցն ասել է, որ մի քանի օր առաջ ինքը հիվանդանոց է գնացել ու պահանջել, որպեսզի նրան ազատեն աշխատանքից։ Վարդան Իվանյանի խոսքով՝ Միկոյանը դեպքից հետո անհետացել էր քաղաքից, բայց հետո ինքը տեղեկացել է, որ բժիշկը վերադարձել է հիվանդանոց։
«Ասացինք, բա քրեական գործ է հարուցված, ինչի՞ է աշխատում նորից, Օրբելյանը (արդեն նախկին տնօրենը֊խմբ․) ասաց՝ ինքը չի եկել աշխատի, ուրիշ գործերով է եկել։ Ասացի՝ բա խալաթը հագած իր կաբինետում նստած է, ասաց՝ տես, դիմում կա, որ գրել է ու աշխատանքից հեռացվել է։ Ասենք, դիմումը երևի գրված էր Միկոյանի կողմից, բայց չէր մակագրվել, երևի էդ պահին գնաց, մակագրեց, որ ինքը աշխատանքից հեռացվել է», ֊ ասել է հայրը։