Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կարևոր պետական ծրագրերից է «գյուղական խորհրդատվական ծառայությունները»։ Դրանց ֆինանսավորումը միայն 2016 թվականին կազմել է 397.3 մլն դրամ: Ծրագրի ֆինանսավորման ծավալները 2008- 2016 թվականների ընթացքում աճել են 2.8 անգամ կամ միջին տարեկան՝ 13.9 տոկոսով: Ինչևէ, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) և Oxfam կազմակերպությունների 2016-ի ընթացքում անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ խորհրդատվություններն այնքան էլ արդյունավետ չեն:
Հետազոտությունն ընդգրկում է հանրապետության 1,800 գյուղական տնտեսություններ (ԳՏ), անցկացվել են նաև ֆոկուս քննարկումներ և հարցազրույցներ: Նախ պարզվել է, որ գյուղական տնտեսություններից շատ քչերն են տեղյակ խորհրդատվական ծրագրերից, մասնակցությունը ցածր է. խորհրդատվական ծառայություններ են ստացել գյուղական տնտեսությունների միայն 10 տոկոսը: Ցածր է նաև դրանց ազդեցությունը. խորհրդատվությունների մասնակիցների մոտ կեսը՝ (47 տոկոսը) ստացած տեղեկատվությունը երբևէ չի օգտագործել իր տնտեսության վարման ընթացքում: Ընդ որում, չկիրառման հիմնական պատճառ են համարում այն, որ ստացված տեղեկատվությունը հիմնականում ոչ օգտակար է եղել կամ նոր գիտելիք չեն ստացել: Մյուս կողմից, խորհրդատվությունների ընթացքում ստացված տեղեկատվությունն օգտագործող ԳՏ-ների մեծ մասը դժվարացել է մեկնաբանել, թե ինչպես է այն օգտագործել: ԳՏ-ների 23.4 տոկոսը բարելավել է թունաքիմիկատների օգտագործման փորձը, 21.3 տոկոսը կիրառել է տարբեր բանջարանոցային բույսերի և հատկապես կարտոֆիլի մշակման գործընթացում, 6.4 տոկոսը՝ գյուղատնտեսական ռիսկերից պաշտպանվելիս, հիմնականում՝ ցրտահարության դեմ պայքարելիս: Նոր տեխնոլոգիական մոտեցումները փորձարկողներ ևս եղել են՝ 4.3 տոկոս, դա, մասնավորապես, վերաբերվել է ծղոտե խառնուրդի հիման վրա բույսերի աճեցմանը, միջշարային տարածությունների վարմանը, կաթիլային ոռոգմանը:
Խորհրդատվությամբ հետաքրքրող գյուղացիական տնտեսություններին հիմնականում հետաքրքրել է հետևյալ տիպի տեղեկատվությունը՝ անվճար կամ ցածր գներով աջակցություն (56%), իրականացվող պետական աջակցության ծրագրեր (31%), վարկեր և ֆինանսավորման այլ հնարավորություններ (29%):
Ի տարբերություն բոլոր ԳՏ-ների՝ շահառու ԳՏ-ների դեպքում 2016-ին գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների անկման սպասումներ ունեցողները համեմատաբար շատ են՝ 51.2 տոկոս: Շատ են նաև եկամուտների աճ ակնկալողները՝ 22.1 տոկոս: