հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / «Սասնա ծռեր» խմբի անդամի փաստաբանին սպառնում են․ գործը ոստիկանությունում է

«Սասնա ծռեր» խմբի անդամի փաստաբանին սպառնում են․ գործը ոստիկանությունում է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանին պարբերաբար տարբեր միջոցներով սպառնում են և հետապնդում։ Փաստաբանը դա կապում է իր գործունեության և, մասնավորապես, Հարությունյանի առողջական վատթար վիճակի մասին իր հայտարարությունների հետ։ Սարգսյանը սպառնալիքների հարցով դիմել է Փաստաբանների պալատ, որտեղից էլ դիմումն ուղարկվել է Ոստիկանություն։

Հունվարին ֆեյսբուքյան իր էջում փաստաբանը մի քանի անգամ բարձրաձայնել էր, որ անհայտ անձինք իրեն հետապնդում են, սպառնալիքներ հնչեցնում իր հասցեին, անգամ առիթ են փնտրում իրենց տունը խուզարկելու։

«Ինչ-որ շատ են թաղայիններն այցելում մեզ, հետաքրքրվում ընտանիքիս անդամների ու իմ անձնական տվյալներով, այնքան հետաքրքրասեր են, որ ուզում են իմանալ, թե երբ եմ ստացել արտոնագիրս, պարզ է, որ սա հետապնդում է իմ նկատմամբ», – իր էջում գրել էր փաստաբանը։

Նա նշել էր նաև, որ արդեն մի քանի ամիս է՝ որոշ անձինք Հովհաննես Հարությունյանի գործի հետ կապված Ֆեյսբուքով ակտիվորեն վիրավորում և զրպարտում իրեն։

Epress.am-ի հետ զրույցում Սարգսյանն ասել է, որ սպառնալիքները շարունակվում են մինչև այսօր։ Նա կարծիք է հայտնել, որ սպառնալիքներ հնչեցնողները ոչ միայն ցանկանում են իրեն լռեցնել Հարությունյանի գործի հետ կապված, այլև աշխատում են բուն գործից շեղել։

«Այն անձինք, որ շարունակում են սույն գործով խոչընդոտներ ստեղծել ինձ համար, պետք է հասկանան, որ Հարությունյանին խոշտանգումների ենթարկածների հանցակիցներ են», – ասել է Սարգսյանը։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը 2016 թվականի հուլիսի 26-ին ոստիկանների կողմից արձակված կրակոցների հետևանքով ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել և մոտ 2 ժամ անց տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այնտեղ նրա ոտքից որոշ բեկորներ են հեռացրել: Ոտքի վիրահատություն, սակայն այդպես էլ չի իրականացվել։ Հայարփի Սարգսյանը բազմիցս ահազանգել է, որ այդպես էլ չիրականացված վիրահատությունը հետևանքով նրա վիրավոր ոտքը ծայրահեղ վատ վիճակում է՝ բարակել է և փոխել է գույնը: Փաստաբանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ է պահանջել։