2016 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կառավարությունը 33 մլն դրամ է ծախսել մեդալներ ու կրծքանշաններ ձեռք բերելու համար: Այս մասին գրում է hetq.am-ը: Ամենաշատը մեդալների վրա ծախսել է Պաշպանության նախարարությունը՝ 17 միլիոն դրամ: Այս ծախսը մեկ միլիոնով ավել է քան մյուս բոլոր նախարարությունների և Կառավարության աշխատակազմի՝ մեդալների վրա արված ծախսերի հանրագումարը:
Կառավարության աշխատակազմը 2016 թվականին գնել է 75 հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 20 700 դրամ արժողությամբ: Օրինակ, այդ մեդալով Կարեն Կարապետյանը պարգևատրել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Կրթության և գիտության նախարարությունը մեդալների վրա 5 մլն 280 հազար դրամ է ծախսել: ԿԳՆ-ի գնած մեդալները ամենաթանկարժեքն են կառավարությունում: Շնորհվել է 81 մեդալ ուսման մեջ գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտներին և 101 ոսկե հուշամեդալ՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար: Թե ովքեր են պարգևատրվել ներդրած ավանդի համար՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը hetq.am-ին տեղեկություններ չի տրամադրել:
Բնապահպանության նախարարությունը արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերել «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» 7 հուշամեդալ՝ վճարելով 259 հազար դրամ: Բնապահպանության ներկայիս նախարարը ոսկե մեդալով էր պարգևատրվել նախկինում բնապահպանության նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Բնապահպանության նախարարության կողմից մեդալ է ստացել նաև ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավո՝ Տաճատ Վարդապետյանը, ով ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:
2016թ. սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մեդալների վրա ծախսել է 480 000 դրամ, Մշակույթի նախարարությունը՝ 4 մլն 980 հազար դրամ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ 3 մլն 355 հազար դրամ: