Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են փաստաբանների նկատմամբ օրենքից դուրս, կամայական սահմանափակումներ և ոչ իրավաչափ և արհեստական խոչընդոտներ ստեղծվել, ինչը հնարավորություն չի տալիս պատշաճ կարգով իրականացնել վերջիններիս մասնագիտական գործունեությունը: Մի խումբ փաստաբաններ՝ Մոնիկա Մարգարյանը, Մուշեղ Շուշանյանը, Ինեսսա Պետրոսյանը, Արայիկ Պապիկյանը համատեղ հայտարարությամբ դիմել են պատկան մարմիններին։
Հայտարարության մեջ նշվում է, որ արհեստական սահմանափակումները հատկապես ցայտուն արտահայտվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ կիրառվում են հնարավոր բոլոր միջոցները՝ փաստաբանների և իրենց պաշտպանյալների հետ առանձնազրույցներին խոչընդոտելու համար:
«Քրեակատարողական հիմնարկում առանց որևէ օրինական հիմնավորման կամ պատճառաբանման պաշտպանին ցանկանում են ենթարկել անձնական խուզարկության (ցանկանում են ստուգել անգամ փաստաբանի դրամապանակը, գրպանները), ապօրինի խուզարկության չենթարկվելու դեպքում արգելում են պաշտպանյալի հետ առանձնազրույց ունենալ», – նշված է հայտարարության մեջ։ Ըստ պաշտպանների՝ աշխատանքի խոչընդոտումը հստակ նպատակ է հետապնդում՝ հնարավոր բոլոր միջոցներով խանգարել պաշտպանության արդյունավետ իրականացմանը:
Փաստաբանները կոչ են արել իսպառ վերացնել, բացառել փաստաբանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը:
«Հուսով ենք՝ պատկան մարմինները պատշաճ կարգով, պահպանելով բոլոր իրավական ընթացակարգերը, քննության առարկա կդարձնեն վերը ներկայացված փաստերը և սեղմ ժամկետներում առարկայական լուծումներ կտան խնդրին: Մասնավորապես սույն հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում կընդունեն, և ՀՀ քրեական օրենսգրքի 332.3, 309 հոդվածների հատկանիշներով կհարուցվի քրեական գործ, կիրականացվի նախաքննություն, որի շրջանակում կհարցաքննեն նաև հայտարարության հեղինակ փաստաբաններիս», – ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ երեկ փաստաբան Մուշեղ Շուշանյանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալների՝ «Նոր Հայաստան» և «Հիմնադիր խորհրդարան» շարժումների անդամ, ղարաբաղյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:
«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Շուշանյանը հայտնել է, որ երեկ, երբ ինքը ցանկացել է տեսակցել իր պաշտպանյալների հետ, «Արմավիր» ՔԿՀ-ում փաստաբանին ստուգել են, հետո պահանջել ներկայացնել իր մոտ եղած փաստաթղթերը․ «․․․ինձ ասացին, որ ես կարող եմ մուտք գործել այն դեպքում, եթե իրենք ուսումնասիրեն ինձ մոտ եղած փաստաթղթերը և ասացին, որ քաղաքական բնույթի փաստաթղթեր, քաղաքական բնույթի կոչեր պարունակող փաստաթղթեր ես իրավունք չունեմ ներս տանել»,- ասել է Ավետիսյանը։
Ըստ փաստաբանի՝ այդ գործողություններն ապօրինի են և իրավունք չունեն փաստաբանին խուզարկել, նույնիսկ զննել նրա մոտ առկա փաստաթղթերը, քանի որ դրանք կարող են պարունակել փաստաբանական գաղտնիք:
Փաստաբանին այդպես էլ արգելել են տեսակցել իր պաշտպանյալների հետ։ Թերթի հետ զրույցում Շուշանյանն այն միտքն է հայտնել, որ նման արգելքով փորձում են Սեֆիլյանին և Ավետիսյանին զրկել արտաքին աշխարհի հետ կապից, որն իրականացվում է բացառապես փաստաբանի միջոցով: