Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող, արդեն 8 ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ներսես Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ստորագրությամբ փոխելու միջնորդությունը։
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ներսես Պողոսյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Պաշտպանը տեղեկացրել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը իրենք պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում։
Փաստաբանի փոխանցմամբ՝ հացադուլը դադարեցնելուց հետո Պողոսյանին արդեն տեղափոխել են ընդհանուր խուց, իսկ նրա ինքնազգացողությունը լավ է․ «Չնայած դեռ երիկամների ցավեր ունի, բայց ընդհանուր վիճակը նորմալ է ու բողոքներ չունի»։
Նշենք, որ Ներսես Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 235 հոդվածի 2 մասով՝ ապօրինի կերպով զենք֊զինամթերք կրելը, տեղափոխելը, փոխադրելը, սակայն հետագայում մեղադրանքը փոխվել է 235 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ կազմակերպված խմբի կազմում այդ գործողությունները կատարել։ Փաստաբանի խոսքով՝ Պողոսյանը 2006 թվականից ի վեր ակտիվ մասնակցել է քաղաքական ու հասարակական բողոքի ակցիաներին և նրա դեմ գործ հարուցելը, հավանաբար, այդ ակտիվության համար է եղել։