Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենը և դաստիարակն ազատվել են աշխատանքից։ Քաղաքապետի հրամանով մանկապարտեզը, որտեղ հաճախող 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանը երեկ ընկել էր Դեբեդ գետն ու խեղդվել, անորոշ ժամանակով չի գործի: Այս մասին գրում է Armtimes.com-ը։
Կայքի հետ զրույցում Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը նշել է, որ մանկապարտեզի տնօրենն ինքն է ազատման դիմում գրել, իսկ դաստիարակը հեռացվել է աշխատանքից:
Փոխքաղաքապետը նշել է, որ ծնողներն իրենց երեխաներին մանկապարտեզ չեն տանում, քանի որ շոկի մեջ են: Նրա փոխանցմամբ՝ մանկապարտեզը հավանաբար հաջորդ շաբաթվանից կգործի և կունենա նոր դաստիարակ, որն էլ ժամանակավորապես կկատարի նաև տնօրենի պարտականությունները։
Նշենք, որ փետրվարի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 4-ամյա Դալլաքյանը ինքնուրույն դուրս էր եկել թիվ 3 մանկապարտեզից, որից հետո մահացած երեխային Դեբեդ գետում հայտնաբերել է նրա պապը։
Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ քննչական կոմիտեն, մասնավորապես, նշելով, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։