Ազատ արձակման նախապատրաստելու հաստատություն՝ այսպես է կոչվելու կառույցը, ուր կուղղվեն վրաստանյան բանտերի կալանավորները վերջնական ազատ արձակվելուց վեց ամիս առաջ։ Այստեղ նրանք հնարավորություն կունենան տարբեր մասնագիտություններ ձեռք բերել, շաբաթ և կիրակի օրերին կկարողանան գնալ տուն, իսկ աշխատանք գտնելու դեպքում կալանավորներն իրավունք կստանան ամեն օր դուրս գալու հաստատությունից, հայտնում է «Էխո Կավկազա» գործակալությունը։
«Առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք հաճախ ազատազրկվում են մի տասնամյակում և ազատ արձակվում՝ բոլորովին այլ իրականությունում։ Բնականաբար, նրանց անհրաժեշտ է ադապտացիա, որպեսզի այնպես չստացվի, որ մարդը հայտնվի ազատության մեջ՝ արդեն չունենալով ոչ տուն, ոչ ընտանիք, ու ստիպված լինի կրկին հանցագործություն գործել։ Հենց նմանատիպ հաստատություններում մենք կկարողանանք որոշել ցածր ռիսկ ներկայացնող բանտարկյալներին (դասակարգումը կախված է կալանավորների կարգապահությունից, մյուս բանտարկյալների վրա բացասական ազդեցությունից, և այլն)»,֊ նոր օրինագծի՝ Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովում անցկացված քննարկման ժամանակ հայտարարել է պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլին։
Ըստ նախարարի՝ մեկ այլ նորարարություն կվերաբերի ոչ ծանր հանցագործություն կատարած անձանց պատժի կրման այլընտրանքային ձևին, որի համաձայն տվյալ իրավախախտները հնարավորություն կունենան պատիժը կրել տանը։ Անձի նկատմամբ վերոհսկողությունը կիրականացվի էլեկտրոնային թևնոցների միջոցով, ասել է Կախիշվիլին ու հավելել, որ նման համակարգ արդեն իսկ գործում է անչափահասների դեպքում։
Ցածր ռիսկի դասակարգում ունեցող կալանավորները, նախարարի խոսքով, նաև հնարավորություն կունենան բարձրագույն կրթություն ստանալ վիրտուալ եղանակով։ Ըստ Կախիշվիլիի՝ ներկայումս բանտերում կան մարդիկ, որոնք հաջողությամբ հանձնել են պետական միասնական քննությունները, սակայն քանի որ համակարգը նման հնարավորություն չի ենթադրում, նրանք այդպես էլ չեն կարողացել ուսումը շարունակել բուհերում։
Մեկ այլ կարևոր նորարարություն, շարունակել է նախարարը, կվերաբերի կին բանտարկյալներին, որոնք ներկայումս կարող են բանտում գտնվել իրենց երեխաների հետ, քանի դեռ չի լրացել վերջիններիս երեք տարին։ Կախիշվիլին առաջարկում է այդ ժամկետի լրանալուց հետո կանանց թույլ տալ մեկ տարի շարունակ շաբաթ և կիրակի օրերին տուն գնալ։ Նման արձակուրդը, վստահ է նախարարը, մորն ու երեխային հնարավորություն կտա հետզհետե ընտելանան կյանքի նոր ձևին։
Վերջին տարիներին անցկացված մի շարք ուսումնասիրություններ վկայում են, որ կալանավորների վերականգնման ու աջակցման ծրագրերին ներգրավված է միայն այդ անձանց 10 տոկոսը։ Ընդ որում, նման ծրագրերի մեծամասնությունն իրականացվում է ոչ կառավարական հատվածի կողմից, ասում է «Միջազգային բանտային բարեփոխումներ» ՀԿ֊ի տարածաշրջանային տնօրեն Ցիրա Չանտուրիան։
Բանտից դուրս գալուց հետո, անձը բախվում է մի շարք խոչընդոտների՝ սկսած այնպիսի պարզ կենցաղային հարցերից, ինչպիսին է, օրինակ, հասարակական տրանսպորտը։ Կարող է ստացվել այնպես, որ ազատ արձակվելուց հետո անձը չիմանա թե «Ա» կետից «Բ» կետ հասնելու համար ինչ ավտոբուս պետք է նստի․ նման դեպքերը հաճախ հանգեցնում են իրավիճակի, երբ նախկին կալանավորների հարազատները հրաժարվում են ընդունել «մոլորված ոչխարին», պնդում է Չանտուրիան՝ հավելելով, որ տվյալ դեպքերը հիմնականում վերաբերում են կին բանտարկյալներին․ «Այս անձինք բազմաթիվ կարիքներ ունեն։ Բոլորին հայտնի է, որ երկրում գործազրկության մակարդակը չափազանց բարձր է, իսկ դատվածություն ունեցող անձի համար էլ ավելի դժվար է աշխատանք գտնել։ Վերջին տարիների միտումը ցույց է տալիս, որ առավել հաճախ իրականացվում են սեփականություն դեմ հանցագործություններ՝ գողություն, թալան․․․ Այսինքն, մարդիկ չունեն աշխատանք գտնելու ու իրենք իրենց պահելու համար անհրաժեշտ հմտություններ։ Իսկ բանտից դուրս գալուց հետո, մարդկանց համար էլ ավելի դժվար է»։
«Մարդու իրավունքների կենտրոն» ՀԿ֊ի ղեկավար Ալեկ Ցկիտիշվիլին, իր հերթին, համոզված է, որ քրեակատարողական համակարգը պետք է ամբողջովին ուղղված լինի իրավախախտների ուղղմանն ու նրան հասարակություն վերադարձնելուն։ Տարիներ շարունակ, սակայն, դեռևս խորհրդային ժամանակներից, ասում է Ցկիտիշվիլին, համակարգի հիմնական նպատակն իրավախախտին պատժելն է եղել։ Այսօր համակարգը փոխելու ուղղությամբ ձեռնարկվում են որոշակի քայլեր, որոնք վերաբերում են թե օրենսդրությանը, թե՝ փորձին, սակայն, ըստ Ցկիտիշվիլիի, դրանք բավարար չեն։