Փետրվարի 12-ին Ալավերդու բժշկական կենտրոնում մահացած 33-ամյա ծննդկան Անժելա Ղազարյանի ամուսինը՝ Արտակ Դավթյանը, Lorinews.info-ի հետ զրույցում պնդել է, որ կնոջ մահվան պատճառն անուշադրությունն է եղել։
Մահացած ծննդկանի ամուսինը պատմել է, որ կնոջ հղիությունը նորմալ ընթացել է։
«Փետրվարի 9-ին՝ հերթական կոնսուլտացիայի ժամանակ, որոշում կայացվեց, որ պետք է պառկի հիվանդանոցում: Փետրվարի 10-ին, 11-ին գնացել եմ կնոջս տեսակցության, բժիշկներին անընդհատ ասել եմ` կարո՞ղ ա` ինչ-որ բան կա, ինչ-որ բանով կարող եմ օգնել, թեկուզ դեղեր բերեմ դրսից, բայց ասացին` ոչ մի խնդիր չկա»,- պատմել է Դավթյանը:
Վերջինիս խոսքով՝ փետրվարի 12-ին՝ 01:00-ի սահմաններում, հիվանդանոցից զանգել են և խնդրել անմիջապես գնալ այնտեղ․
«Ինձ բժիշկներն ասացին` Ձեր կինը վատ է, վիրահատության կարիք կա, շուտ եկեք հիվանդանոց, Ձեր ստորագրության կարիքը կա: Ես գնում եմ հիվանդանոց գիշերը, բժիշկն ասում է` կյանքի ու մահի կռիվ ենք տալիս, արյունահոսություն է սկսվել: Բայց ինչպես կարո՞ղ էր մի քանի օր շատ լավ լինել ու մեկ էլ կյանքի ու մահվան կռիվ տալ», -պատմել է Դավթյանը։
Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ 03:00-ի սահմաններում կինը ծննդաբերել է, որից հետո նրա մոտ սկսվել է արյունահոսություն և կատարվել վիրահատություն։ Ժամեր անց՝ ժամը 07:10-ին ծննդկանը մահացել է։ Նշենք, որ ծննդաբերությունից հետո երեխան տեղափոխվել է Երևան:
Դավթյանի խոսքով՝ իր համար մութ է մնացել հարցը` ինչո՞ւ սկսվեց արյունահոսությունը, ինչո՞ւ մահացավ կինը. «Հիմնական պատճառը կարող է լինել մենակ անուշադրությունը, չեմ կարող ասել` բժիշկների անուշադրությունն է, իմ, թե չգիտեմ` ում»։
Զրույցին ներկա հարևաններից մեկը կայքի հրապարակած տեսանյութում պնդել է, որ սա մայրական մահացության միակ դեպքը չէ Ալավերդու հիվանադանոցում։
Ալավերդիի բժշկական կենտրոնից կայքի հետ զրույցում նույնպես հաստատել են, որ Ղազարյանը հղիության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, ծննդաբերությունը նույնպես նորմալ է ընթացել: Սակայն թե ինչու է կինն արնահոսել, իրենք էլ չեն հասկանում: Ծնունդ ընդունող բժիշկ Մարինե Մատիչյանի խոսքով` կնոջ մոտ, նախնական տվյալով, եղել է արգանդի պատռվածք:
«12 տարվա ընթացքում կնոջ մոտ 8 հղիություն է եղել. երկու վիժում, երկու արհեստական ընդհատում և սա արդեն 4-րդ ծննդաբերությունն էր…գուցե մի տեղ պատերը բարակել ա․․․3,7 իր համար խոշոր պտուղ էր․․․ի՞նչն ա ճնշել էդ պատերը․․․ի՞նչ է եղել, չեմ կարող պատասխանել․․․ անալիզը պատասխանը կտա․․․ մենք ամեն հնարավորն արել ենք, որ կնոջ կյանքը փրկենք»,- ասել է բժիշկը։
Չնայած կայքի հետ զրույցում ամուսինը նշել է, որ բողոք դեռ չի ներկայացրել, սակայն երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։