Home / Բանակ / Հայաստանից ամեն տարի 2000 երեխա է արտագաղթում բանակից ազատվելու համար․ պատգամավոր

Հայաստանից ամեն տարի 2000 երեխա է արտագաղթում բանակից ազատվելու համար․ պատգամավոր

Ամեն տարի մինչև զորակոչային տարիքը Հայաստանից արտագաղթում է մոտավորապես 2000 երեխա՝ դպրոցականներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ տղա երեխաներին երկրից հանելու ամենամեծ պատճառը բանակից ազատելու ցանկությունն է։

«Եվ սա հիմնավորում է նաև այն, որ այս երկարաշունչ 25 տարվա կիսապատերազմ վիճակը թողնում է տնտեսության, մարդկանց հոգեբանության, մարդկանց կենսակերպի վրա լուրջ ազդեցություն։ Դրան գումարվել է նաև վերջին տարիներին ահագնացող սպանությունների թիվը բանակում։ Ես վերցրել եմ Արթուր Սաքունցի ուսումնասիրությունները, որոնք ակնհայտ ցույց են տալիս, որ վերջին տարիների վիճակագրությունը գնալով արագընթաց վատանում է։ Եթե պատերազմից հետո միջինը մեր բանակում զոհվում էին 40-50 երեխա, ապա 2015 թվականին այն հասել է 80-ի, 2016 թվականին 160-ի, իսկ այս տարվա կարճ ժամանակում ունենք արդեն 11 զոհ»,- ասել է պատգամավորը։

Արամ Մանուկյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ոչինչ չի արվում մահաբեր գործընթացը կանգնացնելու համար։

«Պատերազմական վիճակում էս զոհերը, կներեք բառիս համար, ինչ որ կերպ արդարացվում են։ Քանի որ, երբ դու պատերազմում ես, դա քո երկրի ճակատագրի համար է, բայց պատերազմից հետո, 23 տարի այդ հալումաշ անող կարգավիճակը շարունակվում է ու դրա դեմ ոչինչ չի արվում»,- նշել է Մանուկյանը։