Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվանից 2 տարի է անցել։ Փետրվարի 1-ին՝ նրա հուղարկավորման 2-րդ տարելիցի օրը, Epress.am-ի թղթակիցներն այցելել են Արարատի մարզի Նիզամի գյուղ՝ նրա տուն։ Ծնողները պատմում են որդու, նրա սպանության հանգամանքների, մեկ ու կես տարի ձգվող դատական գործընթացի մասին։
Ասում էր՝ ռազմական ինստիտուտը բարդակ է
«Մոնթե Մելքոնյան» վարժարանի նախկին սան, Հադրութի զորամասերից մեկում 8 ամիս ծառայած Հայկազ Բարսեղյանը դժկամությամբ է գնացել սովորելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ի սկզբանե Հայկազը ցանկացել է ուսումը շարունակել Վորոնեժի ռազմաօդային ակադեմիայում։ Քննությունները հաջող հանձնելուց հետո նրա դիմումը մերժել են։ Ավելի ուշ հայրը՝ Արկադի Բարսեղյանը, տեղեկացել է, որ որդու փոխարեն Վորոնեժ սովորելու է գնացել Հայկազի համեմատ ցածր բալ ստացած մի պաշտոնյայի որդի։
«Ամեն տեղ ծանոթ-բարեկամ է։ Փաստորեն ռազմական հաստատությունում էլ է գործում այդ օրենքը», – պատմում է հայրը։
2014 թվականի ամռանը Հայկազն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ։
«Անկեղծ ասեմ՝ ինքն էն գլխից էլ չէր ուզում Վազգեն Սարգսյան սովորել», ֊ նշում է հայրը՝ ընդգծելով, որ դա չպետք է հիմք հանդիսանա այն վարկածն առաջ քաշելու, թե որդին ինքնասպան է եղել։ Արկադի Բարսեղյանն ասում է, որ դա կեղծ վարկած է, վաղուց հերքվել է նախաքննության կողմից, և այն հիմնականում առաջ է տանում մեղադրյալների փաստաբաններից մեկը։
Հայրը պատմում է, որ մինչ ռազմական ինստիտուտ սովորելու անցնելը, Հայկազն ասում էր, որ այնտեղ «բարդակ» է․ «Ասացի՝ էնտեղ էդքան երեխա ա սովորում, ասաց՝ շատ բան դու չգիտես»:
Ռազմական ինստիտուտ ընդունվելուց հետո սակայն, Հայկազը, հոր խոսքով, խնդիրներ չի ունեցել և գերազանց է սովորել․ «Միշտ ասում էի՝ Հայկա՛զ, լավ սովորի, առանց իմանալու, որ արդեն լավ է սովորում»։
Մահացածի դին վախենում էին տուն տանել
Վերջին անգամ հայրը Հայկազին տեսել է 2015 թվականի հունվարի 7-ին՝ ռազմական ինստիտուտ ճանապարհելիս։
«Ամեն անգամ, երբ գնում էր, ես դուրս չէի գալիս նրան ճանապարհելու․․․ Բայց էդ օրը ես իր հետևից, չգիտես ինչի, հելել եմ։ Մինչև վերջ հետևից նայել եմ, իջավ, գնաց, անցումով անցավ, կանգառում կանգնեց, ավտոբուսը եկավ․․․ Ավտոբուսը երբ անցավ, նրա թեթև ժպիտը նկատեցի․․․ Ու տենց գնաց», – ասում է հայրը։
Հայկազի մայրը՝ Արմինե Միքայելյան էլ իր հերթին պատմում է, որ որդու մահվան գիշերն իր սիրտը անհանգիստ է եղել․ «Սիրտս անհանգիստ էր էդ օրը, դեպքի գիշերն էլ զարթնել եմ․․․ Հիշում եմ, որ ես դողում էի»։
Դեպքի օրը՝ հունվարի 29-ին, Արկադի Բարսեղյանին ասել են, որ որդին կռիվ է արել, դրա համար էլ «ծնող են կանչում». «[Ռազմական ինստիտուտում] Տոնոյանն (ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյան-խմբ․) ինձ ասաց՝ գիտե՞ս քեզ ինչի համար ենք կանչել․․․ Սկսեցին հարցեր տալ․ աղանդավորության մեջ եղե՞լ է, ասացի՝ ճիշտ հասկացեք, աստծուն հավատում ենք, բայց աղանդավորության մեջ չենք եղել։ Ասաց՝ սիրած աղջիկ ունեցե՞լ է, ասացի՝ հաստատ չէ․․․ Հետո ձեռը դրեց ուսիս, ասաց՝ քեզ պինդ պահի․ Հայկազը չկա, իրան կախված են գտել․․․»:
Հոգեհանգստի օրն իրենց որդու դին միանգամից չեն տուն բերել, պատմում են ծնողները, քանի որ վախեցել են իբրև թե մահացածի հարազատները կհարձակվեն զինվորների վրա։ Մի քանի ժամ շարունակ ավտոմեքենան, որով տեղափոխել են Հայկազի դին, կանգնած է մնացել գյուղի կենտրոնում. «…Ասացի, էդ երեխեքը մի տան ճրագ են, եթե ծեծելու լինեմ այ սրանց (նկատի ունի թաղման օրը Բարսեղյանների տանը ներկա սպաներին) կծեծեմ…», – ասում է մահացած կուրսանտի մայրը։
Տիկին Արմինեն պատմում է, որ իրենց խոստացել էին հուղարկավորության օրը պատվո պահակախումբ բերել, սակայն խոստումը չեն կատարել։
Ծնողների հարցին, թե ինչու չկա պատվո պահակախումբ, ներկա պաշտոնյաներից Աշոտ անունով մի մարդ ասել է. «Կարո՞ղ ա սահմանին ա զոհվել, որ մի հատ էլ պատվո պահակ ու համազարկ եք պահանջում»։
Ինստիտուտի արտոնյալ բանդային գնդապետն էր հովանավորում
Դեպքի հաջորդ օրը հրապարակված Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված էր, որ Բարսեղյանի մահվան դեպքի առթիվ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն): Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սպանության մեղադրանքով ձերբակալվել են Հայկազի 4 համածառայակիցները՝ Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը, Վաչե Սահակյանը և Գնել Թևոսյանը:
Նախաքննությանը զուգահեռ՝ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը մի քանի օր անց հրաժարական է ներկայացրել: Իր հերթին, այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ 30 բարձրաստիճան պաշտոնյա կազատվի աշխատանքից: Չնայած դրան՝ ՊՆ-ն ինչ֊որ ժամանակ շարունակում էր լռել այն մասին, որ գործով ձերբակալվածներից Գնել Թևոսյանի հայրը՝ գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, նույն ինստիտուտի պետի սպառազինության գծով տեղակալն է (ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Գնելը փոխել է իր ազգանունը իր և հոր միջև արտաքուստ կապը թաքցնելու համար):
Կուրսանտի հայրը պատմում է՝ երբ քննիչները հետազոտել են դեպքի վայրը, ամբողջ օրն՝ առավոտվանից մինչև երեկո, այնտեղ ներկա է եղել նաև Զարմիկ Մարկոսյանը. «Բայց քննիչները չեն իմացել, որ Գնելի հայրն է։ Նա է զորամասը ցույց տվել։ Մարկոսյանը լավ էլ այդ օրը տեղյակ է եղել պատահածի մասին։ Նա զորամասից հանել է արյունոտ շորերը (նկատի ունի մեղադրյալների-խմբ.), ինչի՞ են իրանք մաքուր եղել։ Ո՞նց կարող էին [Հայկազ Բարսեղյանի] երակը կտրել ու արյուն չպզար»:
Դեպքից անմիջապես հետո, երբ շրջանառվում էր ինքնասպանության վարկածը, Արկադի Բարսեղյանի հավաստմամբ, Մարկոսյանն առաջիններից էր, որ փորձել էր դա առաջ տանել։ Նա ասել էր՝ իբրև Հայկազն ի սկբզանե էլ չի ուզել ծառայել, և նրա հայրը նոյեմբերին եկել է ինստիտուտ և որդուն համոզել շարունակել ուսումը: Համաձայն այդ վարկածի, դրանից մի քանի ամիս անցել է, և Հայկազն այնուամենայնիվ, ինքնասպանություն է գործել: Արկադի Բարսեղյանը, սակայն, ասում է, որ ինքը նոյեմբերին ինստիտուտ որդու մոտ չի գնացել, իսկ Հայկազին համոզել է Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում սովորել դեռևս օգոստոսին՝ ընդունելության ժամանակ։ Հոր խոսքով՝ այդ դրվագը միտումնավոր են «տեղաշարժել» ժամանակի մեջ, որպեսզի հաստատեն ինքնասպանության վարկածը։
Զարմիկ Մարկոսյանը, չնայած հեռացվել է ինսիտուտում իր զբաղեցրած պաշտոնից, սակայն շարունակում է ազատության մեջ լինել: Արկադի Բարսեղյանը նշում է՝ նրա անունը կապվում է ինսիտուտում կատարաված մի շարք կոռուպցիոն գործերի հետ. «Պայքարենք կոռուպցիան վերանա․․․ էն որ Զարմիկ Մարկոսյանը թալանել է ինստիտուտը, հիմա ասում է՝ ես չեմ արել՝ գեներալ Կարապետյանն է արել, նրան են հարցը ուղղում, սա էլ ասում է՝ իմ տեղակալներն են արել։ Ով արել է, թող նա էլ պատասխան տա։ Եվ տեսեք՝ ինչքան գումար կմտնի բանակի համար բյուջե»։
Զարմիկ Մարկոսյանին նաև մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը):
Եվ՛ մահացած կուրսանտի հայրը, և՛ Հայկազի համածառայակիցները, որոնք անցնում են որպես վկա, հետագայում դատարանի դահլիճում պնդել են, որ 4 մեղադրյալներն ինսիտուտում բանդա էին կազմել։ Բոլոր կուրսանտներն աշխատում էին խուսափել նրանց հետ շփվելուց, իսկ Գնել Թևոսյանը, ըստ մեղադրանքի, իր գնդապետ հոր հովանավորությամբ արտոնյալ կարգավիճակ է ունեցել:
Բարսեղյանը պարբերաբար՝ տարբեր դատական նիստերից հետո էլ այսօր էլ ընդգծում է, որ եթե ամբաստանյալների կողմից նախորդ տարիներին արված իրավախախտումները, խուլիգանության, ծեծի դեպքերն ավելի շուտ բացահայտվեին ինստիտուտի ղեկավարների կողմից և դատապարտվեին ըստ օրենքի, գուցե, իր որդու սպանությունը տեղի չունենար:
Դաժանաբար խոշտանգել են
Գործը քննող քննիչներից մեկը դեպքի հաջորդ օրը Բարսեղյանին ասել է, որ կախված վիճակում Հայկազի դիրքից երևում էր, որ պատահածն ինքնասպանություն չէր կարող լինել: Մոտ տասն ամիս տևած նախաքննությունից և մեկ ու կես տարի տևած դատական նիստերից հետո, Արկադի Բարսեղյանի համար հստակ է, որ որդուն դաժանորեն են սպանել:
Դեպքի նախորդ օրն ինստիտուտի ճաշարանում կուրսանտների միջև ներքին կարգապահության հետ կապված վեճ է եղել: Վեճը շարունակվել է դրսում: Բարսեղյանի խոսքով՝ Հայկազին մի քանի հոգի հարբած վիճակով ծեծել են: Դրանից հետո՝ գիշերը, 4 կուրսանտները հարձակվել են քնած Հայկազի վրա, խեղդել նրան, կտրել զարկերակը: Արդեն մահացած կուրասանտի դիակը, 3 հարկ իջեցնելով, տարել են շենքից 500 մետր հեռավորության վրա և կախել պտտաձողից։ Արկադի Բարսեղյանն ընդգծում է՝ ինքնասպանության պատրանք ստեծելու համար Հայկազի անունից երկտող են գրել. «Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար, կներեք»: Քննության ընթացքում ձեռագրաբան-հոգեբաններն ապացուցված են համարել, որ երկտողի հեղինակը Հայկազը չէ։
Դեպքի գիշերը Հայկազի սենյակում եղել են նաև 6 այլ կուրսանտներ: Դատական նիստերի ժամանակ նրանք խոստովանել են, որ ձայներ են լսել, սակայն վախեցել են միջամտել, քանի որ մտածել են, որ նույնը կարող են իրենց հետ անել: Դեպքի օրը սենյակում ներկա կուրսանտներից ոմանք հոգեբանական խնդիրներ են ձեռք բերել, նրանք այսօր էլ շարունակում են բուժվել:
Արդար դատաքննությանը հավատում են
Դատավարության ընթացքից մահացած կուրսանտի ծնողները դժգոհություն դեռ չունեն։ Կուրսանտի հայրը դժգոհում է Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զարքարյանի կեցվածքից. ասում է՝ վերջինս ողջ դատավարության ընթացքում, առաջ է տանում որդու ինքնասպան լինելու վարկածը։ Բարսեղյանը դա վիրավորանք է համարում իր մահացած որդու հանդեպ․ «Իր խոսքերի երանգների մեջ երևում է, որ իմ որդին թուլամորթ է եղել, չի ուզեցել այստեղ սովորի»։
Ծնողներն ակնկալում են, որ գործով բոլոր չորս մեղադրյալներն էլ կդատապարտվեն ցմահ ազատազրկման: Նախկին և ներկա Պաշտպանության նախարարներն էլ պարբերաբար երաշխավորել են, որ արդար վճիռ կլինի։