Home / Հայաստան / Կուրսանտի սպանության գործով նիստերը հետաձվում են. հորն ասել են՝ «երկրում տագնապ դրություն է»

Կուրսանտի սպանության գործով նիստերը հետաձվում են. հորն ասել են՝ «երկրում տագնապ դրություն է»

Մոտ մեկ ամիս շարունակ հետաձգվում են 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տարածքում սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստերը:

Epress.am-ի հետ զրույցում կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը (լուսանկարում), ասել է, որ ապրիլից սկսած գործով բոլոր նիստերը հետաձգվել են, քանի որ «երկրում տագնապ դրություն է և գործով անցնող այլ զինծառայողներին չեն կարող զորամասերից հանել, որ բերեն դատարան»: Բարսեղյանի խոսքով՝ իրեն նման բացատրություն են տվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, երբ սպանվածի հայրը զանգահարել է տեղեկանալու հետաձգման պատճառների մասին։

«Ես էլ մտածում եմ՝ ճիշտ է՝ տագնապ է, բայց շաբաթական էդ մի օրը կարելի է զինվորին բերել (գործով անցնող վկաներից երկուսը ծառայություն են անցնում Երևանից դուրս ֊ խմբ․), որ հարցաքննվեն: Հետո թող էլի տանեն զորմասերը: Ես չեմ հասկանում՝ էդ երկու-երեք զինվորի՞ց է կախված ամբողջ հանրապետության վիճակը», -ասել է Բարսեղյանը:

Վերջինիս դժգոհություն է հայտնել նաև մարտի վերջի դատական նիստի հետաձգման հետ կապված:

«Էդ նիստն էլ հետաձգվել է փաստաբան Արա Զաքարյանի (մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպանը-խմբ.) ինչ-ինչ հիվանդությունների պատճառով: Ինքը դատից մի ժամ առաջ է ընդամենը զանգել, ասել, որ դատին չի գալու: Բայց փաստորեն չորսի ծնողներն (սպանության մեջ մեղադրվող Բարսեղյանի համածառայակիցներ Գնել Թևոսյանի, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի և Նորիկ Սահակյանի ծնողները-խմբ.) էլ տեղյակ են եղել, որ նիստը չի կայանալու, քանի որ ոչ մեկն էլ դատին չէր ներկայացել: Իրենք նախօրոք պայմանավորվում են, իսկ մենք գնում ենք այնտեղ ու տեսնում, որ ոչ-ոչ չի եկել դատին», – ասել է կուրսանտի հայրը:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանին գտել են 2015թ. հունվարի 29-ին վաղ առավոտյան ռազմական ինստիտուտի տարածքում պտտաձողից կախված վիճակում։ Նախաքննության համաձայն,  կուրսանտին կախելուց առաջ 4 մեղադրյալները փակել են նրա բերանը՝ զրկելով օգնության կանչելու հնարավորությունից, սուր կտրող֊ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։ Սպանված երիտասարդի հայրը պնդում է, որ որդուն սպանողները երկտող գրելով փորձել են ստեղծել ինքնասպանության իմիտացիա: Սպանության մեջ մեղադրվում են Բարսեղյանի համածառայակիցներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը և Նորիկ Սահակյանը: