Այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին լիարժեք դատական նիստն է կայացել։ Նախորդ դեպքերում դատական նիստերը հետաձգվում էին։
Նիստի սկզբում 4 մեղադրյալների պաշտպանները՝ Արա Զաքարյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Արմեն Նադիրյանը և Հովիկ Արսենյանը, դատախազ Հայկ Հարոյանին բացարկ են հայտնել: Ըստ փաստաբանների՝ դատախազն իրենց պաշտպանյալների նկատմամբ կանխակալ վերաբերմունք է դրսևորել: Մասնավորապես, ըստ միջնորդությունը ներկայացնողների, գործին առնչվող հանգամանքները բարեխղճորեն չեն քննվել, գործում դատախազը ներկայացրել է միայն քննիչի դիրքորոշումները, սպանության գործով վկաները տվել են հակասական վկայություններ, սակայն այդ փաստը մեղադրող դատախազը հաշվի չի առել։
Դատախազ Հայկ Հարոյանի դեմ ներկայացրած բացարկի միջնորդությունը մերժվել է դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից: Վերջինիս խոսքով՝ Հարոյանի՝ դատական պրոցեսին չմասնակցելու հիմքերը բավարար չեն:
5 ժամ տևած նիստի ընթացքում դատախազը ներկայացրել է ամբաստանյալներ Գնել Թևոսյանին, Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին և Նորիկ Սահակյանին վերագրվող մեղադրանքը՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն, որն ամբաստանյալներից ոչ մեկը չի ընդունել։ Բացի հիմնական մեղադրանքից, դատախազը գործում այլ մեղադրանք էլ է ներառել՝ կապված սպանությունից առաջ այլ կուրսանտների նկատմամբ կատարված գործողությունների հետ։ Մասնավորապես, Հարոյանը ներկայացրել է, որ մեղադրյալները մի քանի դեպքում խախտել են զորամասի կանոնադրությունը, ծեծի ենթարկել, ճնշել ծառայակիցներին։ Մեղադրյալներից միայն Վաչե Սահակյանն է մասնակիորեն ընդունել այլ կուրսանտներին ծեծելու մեղադրանքը: Սահակյանն ընդգծել է, որ ինքը իր համածառայակիցներից մեկին մենակ է ծեծել, իսկ Մովսես Ազարյանը և Վարազդատ Սաֆարյանը իր հետ չեն եղել։ Դատական նիստի ընդմիջումներից մեկի ընթացքում Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, կարծիք է հայտնել, որ Սահակյանը միտումնավոր է այդ մեղադրանք իր վրա վերցնում՝ նշելով մենակ լինելու պահը, քանի որ այդ դեպքում արարքը որպես խմբակային ծեծ չի որակվի և պատիժն այդ հոդվածով ավելի մեղմ կլինի։
Բարսեղյանը նաև ընդգծել է, որ եթե ամբաստանյալների կողմից նախորդ տարիներին արված իրավախախտումները, խուլիգանության, ծեծի դեպքերը ավելի շուտ բացահայտվեին ինստիտուտի ղեկավարների կողմից և դատապարտվեին ըստ օրենքի, գուցե, իր որդու սպանությունը տեղի չունենար:
Սպանվածի հայրը նշել է նաև, որ նույն ինստիտուտի երկու կուրսանտներ գտնվում են հոգեբուժարանում: Բարսեղյանի խոսքով՝ նրանցից մեկը (անունը չի նշել – խմբ․) հոգեկան խնդիրներ է ունեցել այն բանից հետո, երբ տեսել է իր Հայկազին ինստիտուտի բակում պտտաձողից կախված վիճակում: Կուրսանտը հոգեբուժարան է տեղափոխվել վերջերս՝ դեպքից գրեթե մեկ տարի անց։
Հաջորդ դատական նիստը նշակավել է 2016 թվականի հունվարի 14֊ին։
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանին գտել են հունվարի 29-ին վաղ առավոտյան ռազմական ինստիտուտի տարածքում պտտաձողից կախված վիճակում։ Նախաքննության համաձայն, կուրսանտին կախելուց առաջ 4 մեղադրյալները փակել են նրա բերանը՝ զրկելով օգնության կանչելու հնարավորությունից, սուր կտրող֊ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։
Ավելի վաղ Արկադի Բարսեղյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել էր, որ իր որդուն սպանողները փորձել են ապացույցներ թողնել սպանության վայրում, թե իբր իր որդին ինքնասպան է եղել, մասնավորապես, որդու ձեռագիրը նմանակելով, գրել են երկտող, որտեղ նշված է եղել, թե իր մահվան մեջ ոչ մեկին պետք չէ մեղադրել։ Նախաքննությունը, սակայն, պարզել է, որ երկտողը եղել է ինքնասպանության իմիտացիա։