«Շոկով էլ կապրես»: Այս արտահայտությամբ է փաստաբան Հովիկ Արսենյանը պատասխանել 2015 թվականի հունվարի 29-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության ականատես Տիգրան Դեմիրճյանի խոսքերին, թե ինքը, սպանության պահը տեսնելով, շոկի մեջ է հայտնվել։ Կուրսանտ Դեմիրճյանը, ով սպանվածի սենյակակիցն է եղել, Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած այսօրվա դատական նիստին ասել է, որ շոկի պատճառով էլ չի կարողացել տեղից շարժվել և օգնել կուրսանտին։ Հովիկ Արսենյանը սպանության մեջ մեղադրվող 4 կուրսանտներից մեկի՝ Նորիկ Սահակյանի փաստաբանն է․ նրան դուր չի եկել Դեմիրճյանի այն ցուցմունքը, թե ինքը սպանության գիշերը տեսել է Բարսեղյանի մահճակալի մոտ կանգնած 4 կուրսանտներին՝ ներկայումս մեղադրյալներ Նորիկ Սահակյանին, Մովսես Ազարյանին, Վաչե Սահակյանին և Գնել Թևոսյանին, և համոզված է, որ հենց նրանք են սպանել կուրսանտին։
Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանն անհարգալից է համարել փաստաբանի նման արտահայտությունը և որոշել է դատավարական սանկցիա կիրառել։ Դատավորը չի նշել, թե կոնկրետ ինչ սանկցիայի մասին է խոսքը։
Տիգրան Դեմիրճյանն իր ցուցմունքի ընթացքում նկարագրել է տեղի ունեցածի մանրամասները․ «Ձայներից արթնացա և տեսա, որ Հայկազի կոյկի կողքն են կանգնած։ Սկզբում մտածեցի, թե եկել են կռիվ անելու, քանի որ ճաշարանում արդեն լեզվակռիվ եղել էր։ Հետո, երբ տեսա, որ ոտքերից ու ձեռքերից են բռնում [Հայկազ Բարսեղյանին-խմբ․] հասկացա, որ վատ բան են անում։ Մովսես Ազարյանը, իմ հասկանալով, փակել էր Հայկազի բերանը։ Հետո լսեցի, որ Հայկազը հետ տվեց ու երևի մի պահ բերանը ազատեց ու քֆուր տվեց՝ թե տղերք․․․ էս ինչ եք անում։ Հետո էլ Հայկազի ձայնը չեմ լսել։ Դրանից հետո աչքերիս դեմը սևացավ ու էլ բան չեմ հիշում»։
Կուրսանտի խոսքով, երբ հասկացել է, թե Հայկազին սպանել են, ինքը վախից չի շարժվել, ձայն չի հանել՝ մտածելով, որ նույնը կարող են և իր հետ անել։ Վկան նշել է, որ դեպքից հետո տեսել է, ինչպես է Մովսես Ազարյանը լույսի տակ նստած ինչ֊որ բան գրում։ Ապա լսել է, որ կուրսանտները քննարկում են՝ ինչպես վարվել Բարսեղյանի դիակի հետ։ Վաչե Սահակյանը, Դեմիրճյանի համաձայն, առաջարկել է դիակը նետել լուսամուտից, իսկ Նորիկ Սահակյանը՝ կախել։
Դեմիրճյանը պատմել է նաև, որ ինքը և սենյակում գտնվող մյուս կուրսանտները մինչև առավոտ հրամանատարական անձնակազմից ոչ մեկին չեն զեկուցել կատարվածի մասին։ Նա պնդել է, որ ինքը վախից ոչ մի քայլ չի ձեռնարկել։
Նշենք, որ հարցաքննության ողջ ընթացքում կուրսանտը շատ անհագիստ էր, անընդհատ դողում էր։ Նրա խոսքով՝ սպանության ժամանակ ձեռք բերած վախը մինչև հիմա չի հաղթահարել, շարունակում է խմել դեղեր և «ամեն մի թեթև շարժումից վեր է թռնում»։
Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը դժգոհ է եղել իր պաշտպանյալ Գնել Թևոսյանի մասին վկայի պատմածից, անգամ նրան հորդորել է․ «Հանգիստ նստի, մի՛ շարժվի»։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, տարօրինակ է համարել Բարսեղյանի սենյակակիցների նմանօրինակ պահվածքը։
«Տարօրինակ է, որ սենյակում գտնվող ոչ մի կուրսանտ չի արձագանքել սպանության ժամանակ։ Ես դրա համար և՛ մեղադրում եմ նրանց, և՛ խղճում եմ։ Օրինակ, Տիգրանը իբր ապրում է, բայց հոգեկանը լրիվ խանգարված տղա է։ Երևի ձայն չեն հանել մյուս կուրսանտները, քանի որ ճանաչել են՝ ինչ տականքներ են նրանք [նկատի ունի ամբաստանյալներին-խմբ․], և այդ տղաները վախեցել են, որ նույնը իրենց հետ կանեն։ Գուցե, եթե անծանոթ մարդիկ հարձակված լիներ Հայկազի վրա, նրանք ձայն կհանեին։ Սենյակակիցներն ասել են նաև՝ երբ դեպքի հաջորդ առավոտյան Գնել Սահակյանը մտել է սենյակ, կուրսանտներին սպառնացել է՝ կմոթեմ, եթե մեկնումեկը մի բան ասի, եթե հանկարծ ես էլ չանեմ, դրսում մարդիկ կան՝ կանեն», ֊ ասել է սպանված կուրսանտի հայրը։
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանին գտել են 2015թ. հունվարի 26-ին վաղ առավոտյան ռազմական ինստիտուտի տարածքում պտտաձողից կախված վիճակում։ Նախաքննության համաձայն, կուրսանտին կախելուց առաջ 4 մեղադրյալները փակել են նրա բերանը՝ զրկելով օգնության կանչելու հնարավորությունից, սուր կտրող֊ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։ Սպանված երիտասարդի հայրը պնդում է, որ որդուն սպանողները երկտող գրելով փորձել են ստեղծել ինքնասպանության իմիտացիա: Սպանության մեջ մեղադրվում են Բարսեղյանի համածառայակիցներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը և Նորիկ Սահակյանը: