Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանը ևս 44 միլիոն եվրոյով ավելացնում է արտաքին պարտքը։
Համաձայնագիրն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը։ Նրա խոսքով՝ վարկային համաձայնագրի վերջնաժամկետը 2020 թվականն է․ բայց իրենք նախատեսում են աշխատանքներն ավարտել 2018-19 թվականներին։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Առաքելյանին հարցրել է՝ արդյոք այդ գումարն ավելանում է Հայաստանի արդեն վերցրած 5.9 միլիարդ եվրո պարտքին, թե դրա մեջ է մտնում։ Պատգամավորը նաև հետաքրքրվել է՝ որքան են կազմում հենց Տրասպրոտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջազգային վարկերը։
Առաջին հարցին Առաքելյանը սկզբում չի պատասխանել․ «Կտեղակացնեմ ձեզ լրացուցիչ»։ Երբ Արամ Մանուկյանը կրկնել է հարցը, նախարարի տեղակալն ասել է․ «Իհարկե, ավելանում է»։
Երկրորդ հարցին նա ըստ էության պատասխան չի տվել․ «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հիմնական վարկային միջոցներ սպառող գերատեսչություններից է, բայց վիճակագրություն կոնկրետ բերել չեմ կարող»։
Մանուկյանը նշել է, որ պատասխանել, թե ավելանում է դժվար է, «քանի որ գիտեք դրա արձագանքը ինչն է լինելու»։
«Ձեր ծրագրերի համար վերցնում եք վարկեր․ իսկ պետության պարտքն անցել է ՀՆԱ֊ի 50 տոկոսը։ Պարտքը մուծելու են բոլորը, բացի նրանցից, ովքեր վերցրել են։ 6 միլիարդն արդեն կարմիր գիծը անցած թիվ ա»,֊ ասել է Արամ Մանուկյանը։