ԱԺ֊ն այսօր ընդունել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ անելու ՀՀ կառավարության օրինագիծը։ Մասնավորապես, օրենքի խախտման դեպքում՝ վճարը ճիշտ չհաշվարկել, ժամանակին չվճարել, այլ պահանջները չկատարել, փոխվում է ընդերքօգտագործողի պատասխանատվության աստիճանը։
Փոփոխված օրենքով՝ հանքարդյունաբերող ընկերություններն ազատվում են մինչև 2016 թվականը կատարած խախտումների համար ռոյալթիների (մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով ՀՀ պետբյուջե վճարվող վճար) գծով տույժերից և տուգանքներից։ Օրենքով փոխում է նաև ռոյալթիների հաշվարկման կարգը։ Եթե նախկինում պետբյուջե վճարվելիք գումարը հաշվարկվում էր խտանյութի միջազգային գների հիման վրա, ապա այժմ՝ խտանյութում՝ մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա։ Ըստ օրենքի՝ մետաղների միջազգային միջին գին է համարվելու այն թիվը, որը կսահմանի ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը։ Օրենքում չի նշվում, թե կոնկրետ որն է այդ «լիազոր մարմինը»։
«2017 թվականին նախատեսվում է [արդյունահանվել] ռեկորդային 450 հազար տոննա պղնձի խտանյութ։ Այս պայմաններում այս օրենքը կիսատ֊պռատ է և իրավունք է վերապահում հանքանյութի մեջ մետաղների կազմը սահմանել չգիտես՝ ում։ Մենք դեմ ենք այսպիսի նախագծին», ֊ ԱԺ֊ում քվեարկությունից առաջ ասել է ԲՀԿ կմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով վերոնշյալ լիազոր մարմնի խնդրին։
Պատգամավորը հիշեցրել է, որ հանքարդյունաբերական ծավալները Հայաստանում ռեկորդային կերպով աճում են, իսկ հանքարդյունաբերողները շատ քիչ են ռոյալթի վճարում։
Օրինակ, 2016 թվականին արդյունահանվել է 33 հազար տոննա մետաղական հանքանյութ, որից ստանում են պղնձի խտանյութ և մոլիբդենի խտանյութ, և 3.5 տոննա ոսկի, սակայն պետական բյուջե մուտք է գործել ընդամենը 23 միլիարդ դրամ։
Օրենքի փոփոխություններով պետբյուջեի մուտքերն էլ ավելի կպակասեն։
Չնայած դիտողություններին, օրինագծին միաձայն կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցությունը։ Դեմ են եղել ՀԱԿ խմբակցության պատգամավորները, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Ալեքսանդր Արզումանյաը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը և ԲՀԿ֊ի 10-ից ավել պատգամավորներ։
Հիշեցնենք, որ սա մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ «ընդառաջելու» է լեռնահանքային ոլորտի ձեռնարկություններին և ռոյալթիների վճարման կարգում մտցնել «մեղմացնող» փոփոխություններ։