Մարտի 1-ին Երևանում՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հունվարի 16֊ին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ «նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները, և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։
Նշված հոդվածով նկարագրվում է հետևյալ հանցակազմը՝ զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս կամ առաջացրել է ռազմական տեխնիկայի ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ։ Հոդվածով մեղավոր ճանաչվածը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: