2016 թ. ձմեռային զորակոչի ընթացքում առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներ Տ. Մ.-ն և Ա. Բ.-ն ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) որոշմամբ պիտանի են ճանաչվել զինծառայությանը։ Այս մասին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Գրասենյակի փոխանցմամբ՝ Տ․Մ-ն, համաձայն չլինելով ԿԲՀ որոշմանը, զորակոչի չի ներկայացել, ինչի պատճառով քրեական գործ է հարուցվել։ Գործի շրջանակներում նշանակված փորձաքննության արդյունքներով Տ. Մ.-ն կրկին պիտանի է ճանաչվել զինծառայությանը:
Զորակոչիկը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ միջնորդություն է ներկայացրել քննչական մարմին և կրկնակի փորձաքննություն պահանջել՝ նշելով, որ ընդհանրապես անդրադարձ չի կատարվել զորակոչիկի բժշկական փաստաթղթերում առկա տվյալների և ԿԲՀ որոշման միջև առկա հակասություններին, այնինչ՝ դա կարևոր է պարզելու համար, թե ինչու է ԿԲՀ-ն նույն առողջական խնդիրների դեպքում նախկինում երկու անգամ տարկետում տրամադրել, իսկ այժմ պնդում է, որ զորակոչիկը պիտանի է:
Քննչական մարմինն այդ միջնորդությունը մերժել էր՝ այն համարելով անհիմն․ Լոռու կայազորի զինվորական դատախազությունը վաղաժամ էր համարել քննչական մարմնի որոշումը և բավարարել էր զորակոչիկի միջնորդություն՝ նշանակելով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն։
Գրասենյակի փոխանցմամբ՝ Լոռու կայազորի զինվորական դատախազությունը վաղաժամ է համարել նաև զորակոչիկ Ա. Բ.-ի գործով վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշումը, որտեղ նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ ուշադրություն չի դարձրել զորակոչիկի որոշ գանգատներին ու չի անդրադարձել հիվանդության հայտնաբերման համար հետազոտությունների կատարման եղանակներին:
Այս դեպքում նույնպես կրկնակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: