Ռուսաստանցի մարդաբան Սերգեյ Հարությունովի հարցազրույցը «Էխո Կավկազա»֊ի վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ՝ Ալանիա (Հյուսիային Կովկասի երբեմնի ամենախոշոր պետությունը) կոչվելու իրավունքի հետ կապված պատմական բանակռվի վերաբերյալ։ Տվյալ վեճը սրվեց նախորդ շաբաթ Հյուսիային Օսիայում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո, որի մասնակիցները բավականին բուռն դժգոհություններ էին հայտնում հարևան Ինգուշեթիայի նման փորձերից։
Վադիմ Դուբնով ֊ Վերջին տարիներին, և հատկապես վերջին օրերին, սրվել է Ալանիա կոչվելու իրավունքի շուրջ մրցակցությունը․ Ինգուշեթիայում Մագասը կոչել են Ալանիայի մայրաքաղաքի պատվին, Հարավային Օսիան նույնպես առաջարկում են անվանել Ալանիա։ Ինչո՞ւ են բոլորը ցանկանում լինել հենց Ալանիա և ո՞վ Ալանիա համարվելու ի՞նչ հիմքեր ունի։
Սերգեյ Հարությունով ֊ Եթե մոնղոլները Կովկաս չհասնեին, եթե նրանց ինչ֊որ տեղ կանգնեցնեին, ապա այսօր Կովկասում չորս ազգ կլիներ, չորս պետություն՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ու ամենախոշոռը՝ օսալեզու պետություն Ալաինան: Պատմությունը, սակայն, այլ կերպ դասավորվեց։
Վադիմ Դուբնով ֊ Եվ դա կլինեին ժամանակակից օսերի էթնիկական նախնինե՞րը։
Սերգեյ Հարությունով ֊ Այո, կլինեին Կովկասի հնագույն ժողովրդի ժառանգորդները, որոնք խառնվել էին սկյութների ու սարմատների ժառանգներին ու ընդունել նրանց լեզուն։
Վադիմ Դուբնով ֊ Այսինքն, ալաններին ու սարմատներին ի սկզբանե չեք դասում․․․
Սերգեյ Հարությունով ֊ Ոչ, դա նման է մատրյոշկայի․ բացում եք կիմմերական տիկնիկ ու դրանից հանում սկյութական տիկնիկ, հետո բացում եք սկյութականն ու հանում սարմատականը, հետո բացում եք սարմատականն ու դրանից հանում ալանական տիկնիկ․ հետո արդեն բացում եք ալանականն ու հանում վերջին ամենափոքր տիկնիկը՝ օսականը։
Վադիմ Դուբնով ֊ Իսկ ալաններից է՞լ ինչ «տիկնիկներ» կարող եք հանել։
Սերգեյ Հարությունով ֊ Ոչ մի, քանի որ, եթե նույնիսկ արևելյան սկյութների մի մասը խոսում էր թյուրքերեն լեզվով, սակայն քոչվորները միշտ խառն են․ ասես կաթսա լինի, որում ամեն ինչ եփվում է, խառնվում ու վերածնվում։
Վադիմ Դուբնով ֊ Արդյո՞ք սա նշանակում է, որ վայնախները նույնպես ալաններ համարվելու իրավունք ունեն։
Սերգեյ Հարությունով ֊ Բացարձակապես ոչ։ Վայնախները վայնախներ են․ մարդիկ, որոնք խոսում են դաղստանյան լեզուներով՝ Կովկասի բնիկ ժողովուրդը։ Արդեն ութ հազար տարի առաջ Կովկասի տարածքի մեծամասնությունը խոսում էր հյուսիսկովկասյան լեզուներով։
Վադիմ Դուբնով ֊ Այլ կերպ ասած, վայնախները նույնպես մատրյոշկա են, բայց՝ բոլորովին այլ․․․
Սերգեյ Հարությունով ֊ Ոչ, մատրյոշկա չէ․ բավականին ամբողջական ու կայուն գերանակտոր է (чурбанчик), որը պահպանվում էր, բայց՝ կրճատվում։ Վայնախները զբաղեցնում էին ամբողջ Արևելյան Վրաստանը (այն ժամանակ վրացիներ այնտեղ դեռևս չկային), Արևելյան Հայաստանը, այդ թվում Արաքսի հովիտը․ քանի որ կան բնակավայրեր, որոնք կրում են տիպիկ վայնախական անվանումներ՝ Մալիշկա խոշոր գյուղը, Արցախը՝ Ղարաբաղի հայկական անվանումը, որը, սակայն, հայկական չէ, այլ՝ նախահայկական, նախահնդեվրոպական, ու մի շարք այլ բաներ։ Հայերի նախահայրենիքը գտնվում է Մուրադի ու Կարասուի միացման վայրում՝ Արևելյան Անատոլիայում, իսկ ուրարտացիները հենց վայնախների ու դաղստանցիների հարազատներին էին։
Վադիմ Դուբնով ֊ Այսինքն, կարող ենք ասել, ամեն դեպքում, որ ներկայիս միակ կովկասցիները, որոնք իրավունք ունեն իրենց Ալանիա կոչել, օսերն են։ Այդպե՞ս է ստացվում։
Սերգեյ Հարությունով ֊ Ոչ, դա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ ալանների ժառանգորդները բալկարներն ու կարաչայներն են, բայց նրանք շատ վաղուց անցել են թյուրքերեն լեզվին։ Այնտեղ, իհարկե, բնակչությունը շատ խառն էր, բայց կարծում եմ, որ արդեն մոտ հազար տարի առաջ արևելաիրանական որևէ լեզու այնտեղ չէր հնչում, այլ հնչում էին, հիմնականում, թյուրքական լեզուներ։
Վադիմ Դուբնով ֊ Չերքեզները նման իրավունք ունե՞ն։
Սերգեյ Հարությունով ֊ Ոչ, չերքեզները շատ ավելի հին են։ Չերքեզներ կային դեռևս Կուբանի ավազանում ու ընդհանրապես ողջ Հյուսիսարևելյան Կովկասում՝ մինչև այնտեղ ալանների նախնիների հայտնվելը։
Վադիմ Դուբնով ֊ Անցնենք հարցի երկրորդ մասին․ ինչո՞ւ են այդքան շատ ցանկանում Ալանիա կոչվել։
Սերգեյ Հարությունով ֊ Քանի որ գոյություն ունի Վլադիմիր Ալեքսանդրովիչ Կուզնեցովի՝ «Ակնարկներ ալանների պատմության» հիանալի գիրքը, ու ըստ այդ գրքի՝ ալանները զբաղեցնում էին ողջ Հյուսիսային Կովկասը, Ուկրաինայի զգալի մասը՝ նախքան սլավոնների հայտնվելը։ Ու հին սլավոնների հետ մեկտեղ՝ վաղ միջնադարում՝ Եվրոպայի զգալի մասը։ Ֆրանսիայում կա 30 քաղաք, որոնց անվան արմատն «ալան» բառն է․ դրանցից ամենահայտնին, թերևս, Ալանսոնն է։
Վադիմ Դուբնով ֊ Ներկայումս Հարավային Օսիան փորձում է դառնալ Ալանիա, Հյուսիային Օսիան վաղուց․․․
Սերգեյ Հարությունով ֊ Հարավային Օսիան, ինչպես նաև Հյուսիսայինը, քանի որ դրանք երկուսն էլ բնակեցված են օսերեն (իրոներեն) խոսող օսերով, անկասկած ալանների հետնորդներն են։ Կրկնում եմ, սակայն, որ ալանների ժառանգորդներն են նաև բալկարներն ու կարաչայները։ Դրանք, ըստ էության, մեկ ժողովուրդ են, բայց, ամեն դեպքում, պատմական հիշողությունն ավելի շատ պահպանվել է հենց կարաչայների մոտ․ Կարաչայ-Չերքեզական Հանրապետության տարածքում կան մի շարք հազար ու ավելի տարվա հնության ամրոցներ ու վանքեր, որոնք, ընդհանուր առմամբ, իհարկե ալանական են։ Կա մի անվիճելի հուշարձան, սակայն չեչեններն ու ինգուշները պնդում են, որ այդ հուշարձանի վրայի արձանագրությունները կարելի է նաև չեչեներենով կարդալ։ Բայց դա գիտականորեն ապացուցված չէ։ Այդ հուշարձանը հայտնաբերվել է Զելենչուկի մոտակայքում՝ քարե սյուն, վրան գրություն հունական տառերով, որոնք, ի դեպ, շատ նման են կիրիլիցային՝ ռուսական տառերին։ Գրությունը հեշտ ընթեռնելի է և, իհարկե, արված է մի լեզվով, որը կարելի է անվանել թե՛ հին օսերեն, թե՛ ալաններեն։ Այդ գրությունն ալաններեն լեզվով է։
Վադիմ Դուբնով ֊ Այս տեղանվանագիտական հավակնություններն, ըստ Ձեզ, ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող են ունենալ։
Սերգեյ Հարությունով ֊ Քանի դեռ Ինգուշեթիան ղեկավարում է Յունուս-Բեկ Եվկուրովը՝ բավականին սթափ ու դեպի առողջ ապագա տանող մտադրությունների տեր մարդ, կարծում եմ՝ այս ալանական խաղերն անվտանգ են։ Իհարկե, ինչպես մյուս բոլոր խաղերը, դրանք կարող են վերջիվերջո ինչ֊որ անախորժության հանգեցնել։ Պետք են սթափ ու ինչ֊որ չափով ազնիվ քաղաքական գործիչներ, որոնք կկանգնեցնեն․․․ Դե, բոլորովին ազնիվ քաղաքական գործիչներ պարզապես չեն լինում․ քաղաքականությունն ինքնին անազնիվ գործ է, բայց կա որոշակի սահման։ Այդ սահմանը դեռևս պահպանվում է, ու վտանգ առանձնապես չկա։