Հերացի փողոցում երեկ՝ մարտի 14-ի առավոտյան, վրաերթի ենթարկված Կարմեն Աբգարյանի վիճակը կայուն ծանր է, այժմ նա գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Epress.am-ի հետ զրույցում հիվանդանոցից հայտնել են, որ Աբգարյանն իրենց մոտ է տեղափոխվել երեկ 9։20-ի սահմաններում։
«Նա մի շարք տրավմաներ է ստացել՝ ձախ անրակի բազմաբեկորային կոտրվածք, և գլխուղեղում կա արյան զեղում։ Այժմ վիճակը կայուն ծանր է, բայց եթե այդ կայուն վիճակը պահպանվի, վաղն արդեն կտեղափոխվի հիվանդասենյակ», -ասել են հիվանդանոցից։
Կնոջ տարիքի մասին հիվանդանոցից տեղեկություն մեզ չեն տվել։
Նշենք, որ վթարի ենթարկված կինն աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակից է։
Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Սողոմոյանը դեպքի վերաբերյալ գրառում է արել՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանն առավոտվա պիկ ժամին «Սանիթեք»-ի աշխատակիցներին ուղարկում է փողոցները մաքրելու․ «4 տեղ ավելով գործ են անում, մեկին խփեց սպանեց ջիպը»։ «Սանիթեք»-ը գրառման տակ, մասնավորապես, հետևյալ պատասխանն է տվել․ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ Սանիթեք ընկերության աշխատակիցներն, ըստ իրենց աշխատանքային գրաֆիկի, այսօր առավոտյան իրականացնելիս են եղել տվյալ հատվածի ճանապարհի հոծ գծերի մաքրման աշխատանքները, որը նորմալ աշխատանքային գործընթաց է։ Դեռևս պարզ չէ, թե պատահարի մասնակիցներից ով է խախտել անվտանգության կանոնները, սակայն ընկերությունը հորդորում է բոլոր վարորդներին զգույշ լինել և Սանիթեք ընկերության մեքենա նկատելիս՝ հաշվի առնել, որ տարածքում կան նաև աշխատակիցներ․․․»։
Մեզ հետ զրույցում «Սանիթեք»-ից խոստացել են հավելյալ տեղեկություններ հաղորդել։