«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը մարտի 18-ից դադարեցրել է հացադուլը։ Այս մասին Epress.am-ին երկուշաբթի հայտնել է Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Նա նշել է, որ Հակոբյանը դադարեցրել է հացադուլը այն բանից հետո, երբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը բավարարել է իր պահանջն ու «կարգ ու կանոն հաստատել» հիմնարկի 5-րդ մասնաշենքում։ Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ միայն իր բողեքներից հետո է ՔԿՀ ղեկավարությունը Հակոբյանին պատժախցից տեղափոխել խուց։
Հիշեցնենք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը մարտի 12-ից հացադուլ էր հայտարարել, իսկ մարտի 13-ին նրան տեղափոխել են պատժախուց։
Նրա հացադուլի պատճառը եղել էր այն, որ հիմնարկի 5-րդ մասնաշենքի պայմաններից դժգոհ կալանավորներից մեկը օրեր շարունակ, այդ թվում նաև գիշերները, աղմկում էր՝ պահանջելով իրեն տեղափոխել այդ մասնաշենքից, իսկ Մարտիրոս Հակոբյանը, բարձրացված աղմուկից դժգոհելով, սկսել էր պահանջել, որ իրենց պատշաճ պայմաններ ապահովեն, որ կարողանան գոնե գիշերները հանգստանալ։ Հակոբյանը իր դժգոհության պատճառով տեղափոխել էր պատժախուց։
Մարտիրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել «շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու և պահելու» համար։