Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն։ Այս այցելության մասին պաշտոնական հաղորդագրությունը լուրջ կասկածներ է հարուցում, որ ընկերությունը աշխատում է ստվերում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Խնդիրն այն է, որ ըստ այդ հաղորդագրության՝ անցած տարի ընկերությունում աշխատել է 200 մարդ։ Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականին ընկերությունը պետբյուջե է վճարել 23 միլիոն դրամի ուղղակի հարկ, այդ թվում՝ եկամտային հարկ։ Եթե պատկերացնենք, որ դա ամբողջությամբ միայն եկամտային հարկն է, ապա պետք է արձագանքենք, որ 200 աշխատողների միջին ամսական աշխատավարձը մոտ 35 հազար դրամ է։
Բայց եթե պատկերացնենք, որ 200 աշխատողներ հարկերը պահած ստանում են ամսական գոնե մի 80 հազար դրամ, ապա անցած տարի այդ ընկերության վճարած ուղղակի հարկերը պետք է կազմեին առնվազն 57 միլիոն դրամ, այսինքն ավելի քան երկու անգամ շատ, քան վճարվել է բյուջե։ 2010 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը այցելել է Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ Սպիտակի շաքարի գործարան և հայտարարել, թե այնտեղ աշխատում է 700 մարդ։ Պաշտոնական տվյալներով, սակայն, աշխատողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ է եղել», ֊ գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում