Home / Ազգային ժողով / ԱԺ պատգամավորի և ԴԱՀԿ֊ի պատճառով ՄԻԵԴ֊ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

ԱԺ պատգամավորի և ԴԱՀԿ֊ի պատճառով ՄԻԵԴ֊ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ։ «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34֊րդ հոդվածին՝«անհատական գանգատներ»։ Հայաստանը՝ ի դեմս Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ), չի կատարել Իրանի քաղաքացի Ավանես Ավաքեմյանի օգտին կայացված դատական ակտը։ Ավաքիմյանի շահերը ՄԻԵԴ֊ում և ներպետական դատարաններում պաշտպանել է փաստաբան Հայկ Ալումյանը։

2005 թվականին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով հաստատել է, որ պատասխանողներ Նոյեմզար Քալաջյանն և Մուրադ Գուլոյանը պետք է Ավաքեմյանին վճարեր 39.000 ԱՄՆ դոլար պարտքը։ Սակայն ԴԱՀԿ֊ն չի բռնագանձել պատասխանողներից այդ գումարը տարիներ շարունակ։ 2010 թվականին հայցվորը կրկին դիմել է դատարան՝պարտապանից նաև տոկոսներ պահանջելով։ Դատարանն այդ հայցն էլ է բավարարել՝ պարտավորեցնելով վճարել ևս 17 727 ԱՄՆ դոլար։ ՄԻԵԴ֊ն իր վճռում նշում է, որ, համաձայն տեղական օրենքների, դատական ակտերը պետք է կատարվեն 2 ամսվա ընթացքում։

«Հայցվորի կողմից ձեռնարկվել են իրենից կախված բոլոր միջոցները` վճռի կատարմանը հասնելու համար, այդ թվում` նա ստացել է կատարողական թերթ և ներկայացրել է այն հարկադիր կատարման, դատական կարգով վիճարկել է հարկադիր կատարողների գործողությունները, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն մինչև այժմ պատասխանողը շարունակում է ապօրինի պահել և չվերադարձնել վճռով հայցվորին հասանելիք գումարները»,֊ ասված է եղել Ավանես Ավաքեմյանի Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթուն համայքնների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցում։ Դատարանը հայցը բավարարել է, սակայն ԴԱՀԿ֊ը միևնույն է գումարը չի բռնագանձել։

ՄԻԵԴ֊ը ճանաչել է, որ Ավաքեմյանի նկատմամբ ՀՀ֊ն խախտել է արդար դատաքննության իրավունքը, արդարացի փոխհատուցման իրավունքը և պարտավորեցրել է Հայաստանին՝ երեք ամսվա ընթացքում 3600 եվրո վճարել հայցվորին։

Նշենք, որ պարտատու Մուրադ Գուլոյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է՝ Գագիկ Ծառուկյանի խնամին է, իսկ մյուս պարտատուն՝ Նոյեմզար Քալաջյանը՝ Գուլոյանի կինն է։ ՄԻԵԴ֊ի վճռում նշվում է, որ ԴԱՀԿ֊ն Քալաջյանին պատկանող որևէ գույք կամ ունեցվածք չի հայտնաբերել։ Հետագայում ԴԱՀԿ֊ն տեղեկացրել է Ավաքեմյանին, որ Քալաջյանն ունի իրեն ժառանգված գույք, որը սակայն իր անունով չի գրանցված։ Մինչդեռ, համաձայն hetq.am-ի հրապարակումների, պատգամավոր Գուլոյանի կինը «Աբովյան Սիթի» ՍՊԸ֊ի 50 տոկոսի սեփականատերն է։

Հայաձայն գործի նյութերի՝ Քալաջյանը հանդիսանում է նաև «Իռամեն» ՓԲԸ֊ի համասեփականատերը։