հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / «Հարևան-դիտորդը» ուղեկցում էր տատիկին․ կուտակումներ ընտրատեղամասում

«Հարևան-դիտորդը» ուղեկցում էր տատիկին․ կուտակումներ ընտրատեղամասում

«Արեգնազան» կրթահամալիրում տեղակայված Կենտրոնի 9/23 ընտրատեղամասի մուտքի մոտ Epress.am-ի լրագրողն արձանագրել է մարդկանց մեծաթիվ կուտակումներ։

Ընտրատեղամասի 2-րդ հարկում (տարածքի մի քանի փողոցների ընտրողներ այդտեղ էին քվեարկում) միջին տարիքի մի տղամարդ էր կանգնած և ակտիվ շփվում էր ընտրողների հետ։

Նա ընտրողներից մեկին ասել է․ «Առանց անձնագրի եկե՞լ ես քվերակության», և նրան ուղարկել է անձնագիր բերելու։ Որոշ ժամանակ անց ընտրողների հետ ակտիվ շփվող այդ անձը բարկացած խոսել է Epress.am-ի թղթակցի հետ՝ ասելով, որ լրագրողները խոչընդոտում են ներկաների ելումուտը։ Լրագրողը պահանջել է ներկայանալ, տղամարդը, առանց որևէ փաստաթուղթ ցույց տալու, ասել է, թե դիտորդ է և արագ հեռացել է ընտրատեղամասի տարածքից։

Նույն ընտրատեղամասում նկատել ենք՝ երիտասարդների, որոնք ուղեկցում էին մարդկանց դեպի քվեախցեր։

Մասնավորապես, ընտրատեղամաս մեծահասակ մի կին է մտել, որի երկու թևերից բռնել էին երիտասարդ տղա և աղջիկ։ Կինը կարողանում էր ինքնուրույն քայլել, ակնհայտ ոչ մի ֆիզիկական խնդիր չուներ։ Նրանք կնոջը փորձել են ուղեկցել մինչև ընտրողների գրանցման սեղանի մոտ։ Լրագրողի հարցին, թե ով է կնոջն ուղեկցող երիտասարդը, վերջինս ասել է, որ հարևանն է։ Դրանից հետո ցույց է տվել վերարկուի գրպանում պահված «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդ վկայականը՝ Ռաֆայել Մելքոնյանի անվամբ։ Աղջիկը, սակայն, ասել է, որ ինքն է ուղեցկում կնոջը։ Լրագրողի միջամտությունից հետո Մելքոնյանը հեռացել է։

ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի մասին գրեթե տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ այն հիմնադրվել է 2004 թվականին։ Դեռևս 2013 թվականին Աննա Շահնազարյանը Civilnet.am կայքում «ՀԿ-ներ իշխանության գրպանում․ միջազգային դիտորդների միֆը» հոդվածում անդրադարձել էր այդ կազմակերպությանը․

«2004թ. հիմնադրված այս «ամենահին» կազմակերպությունը չունի սեփական կայք և նույնիսկ նրա ղեկավար Էդգար Հակոբյանի էլեկտրոնային հասցեն Yahoo-ում է: «Ազատ հասարակության ինստիտուտը» այն կազմակերպություններից է, որն ընտրությունները դիտարկելու համար կարողանում է ապահովել երկու հազար և ավելի դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում: Կազմակերպության անունով ինտերնետային որոնումները հանգեցնում են մամլո լուսաբանումների և հաղորդագրությունների, որտեղ կազմակերպությունը Հայաստանում անցկացվող ընտրությունները (2009թ. Երևանի ավագանու, 2012թ. ՀՀ խորհրդարանական, 2013թ. ՀՀ նախագահական) բնութագրում է ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական: Կա նույնիսկ հրապարակում, որով «Ազատ հասարակության ինստիտուտը» «պաշտպանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը»»: