Ապրիլի 6-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացած 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել։ Ընտանիքի համար մինչև հիմա անհասկանալի են Գրիգորյանի մահվան հանգամանքները։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա հորեղբայրը՝ Սամվել Գրիգորյանը։
«Իրան 4 օր առաջ տարել ենք Գյումրու հիվանադանոց, ծնողները վճարել են 40 հազար դրամ, ստամոքսն են ստուգել, ինչ-որ գաստրիտ-էռոզիա է ունեցել, բայց ընդհանուր լավ է եղել», -ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ դա չի եղել մահվան պատճառը։
Հարազատների տվյալներով՝ դատապարտյալը շնչահեղձ է եղել։
Գրիգորյանը ներկա է եղել դիահերձմանը և, ըստ նրա, մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել․ «Ոչ մի բան չգիտենք, շոկի մեջ ենք բոլորս, թաղումով ենք ընկել, չգիտեք՝ քրեական գործ հարուցվել է, թե ոչ»։
Մեզ հետ զրույցում Քննչական վարչությունից փոխանցել են, որ դեռևս քրեական գործ չի հարուցվել և նյութեր են պատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղը Armlur.am կայք գրել էր, որ դեռևս չհաստատված տեղեկություններով` դատապարտյալն իրեն մահվանից 1 օր առաջ վատ է զգացել, սակայն վարչությունից ասել են, թե հիվանդանոց տեղափոխվելու համար չորս հարյուր հազար դրամ է անհրաժեշտ:
«Չկարողանալով մուծել պահանջված գումարը` նա մնացել է այդ վիճակում, և տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Ըստ որոշ տեղեկությունների` Արսեն Գրիգորյանը երեկ մեծ չափաբաժնով դեղորայք է ընդունել, ինչի արդյունքում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է», – գրել է կայքը։
Արագածավան գյուղի բնակիչ Արսեն Գրիգորյանը 7 տարի արդեն բանտում է։ Ամուսնացած է, ընտանիքն անապահով վիճակում է։