Գավառի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Յոլչյանը 2009 թվականին զորակոչվել է Գորիսի զորամաս։ Ծառայության ընթացքում երիտասարդի մոտ սկսվել է բորբոքում, տեսողությունը գնալով վատացել է և նա 4 ամիս շուտ է զորացրվել։ Այժմ Ռազմիկի մեկ աչքը ամբողջությամբ կուրացած է, իսկ մյուս աչքի տեսողությունը 2 տոկոս է։ Հայաստանյան բժիշկները խորհուրդ են տալիս բուժման համար մեկնել արտասահման։ Ծառայելու ընթացքում հիվանդացած երիտասարդին Պաշտպանության նախարարությունն ավիատոմսեր է խոստացել։
Մինչև զորակոչվելը և զորակոչի ընթացքում Ռազմիկն առողջական խնդիրներ չի ունեցել։ Ծառայությունից 3 ամիս անց հիվանդացել է ջրծաղիկով, բուժում ստացել։ Ամիսներ անց երիտասարդի ձախ աչքը սկսվել է բորբոքվել։
«Ինչ եղել է, էնտեղ է կատարվել», -Epress.am-ի հետ զրույցում պատմել է Ռազմիկը։
Բուժման նպատակով երիտասարդին ուղարկել են զինվորական հոսպիտալ, ապա Երևանի քաղաքային հիվանդանոցներ, սակայն բժիշկները միանշանակ չեն կարողացել հասկանալ՝ ինչից են առաջացել երիտասարդի խնդիրները։
«Տարբեր բաներ են ասում․ կարող է հոդերի կամ ուղեղի հետ կապված խնդիրներից առաջացած լինել։ Կարող է ջրծաղիկից գլուխ բարձրացած լինի [հիվանդությունը]», – Ռազմիկի խոսքով՝ որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո իրեն նորից ուղարկել են ծառայության։
«Տեսողությունս թույլ էր, բայց ծառայում էի, բուժկետից տված դեղերն էի օգտագործում, բայց չէի պատկերացնում, որ կհասնի կուրացման։ Ասում էի՝ էս դեղն էլ օգտագործեմ, երևի կօգնի», – պատմել է երիտասարդը։
Երկրորդ անգամ զորամաս գնալուց 10-15 օր հետո Ռազմիկի վիճակը վատացել է, երկու ամիս Երևանում բուժում ստանալուց հետո զորացրվել։
Վերջին 7 տարիների ընթացքում Ռազմիկի տեսողությունը գրեթե լրիվ կորել է։ Աչքերի մի քանի վիրահատություններից հետո անգամ տեսողությունը շարունակում է վատանալ։
«Ներքին օրգանների խնդիր է նաև, միայն աչքերի հետ կապված չէ․ լյարդը, երիկամները»,- Ռազմիկն պատմում է՝ «Մալայան» ակնաբուժական կենտրոնում իրեն ասել են, որ վերջնական չի կարող բուժվել։ Գոնե մի աչքի մասնակի տեսողությունը պահպանելու համար պետք է գնա Եվրոպա։ Իր անձնական միջոցներով Ռազմիկը բժշկական թղթերը ուղարկել է Ֆրանսիա, որտեղից ասել են, որ միայն տեղում ստուգելուց հետո կարող են վերջնական ախտորոշումն ասել։
Ռազմիկը ապրում է մոր և հաշմանդամության կարգ ունեցող հոր հետ։ Երկուսն էլ չեն աշխատում։ Մայրը զբաղվում է որդու խնամքով, քանի որ Ռազմիկը մենակ չի կարող տեղաշարժվել։ Ընտանիքը ապրում է 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Ռազմիկի 54 հազար 500 դրամ թոշակով և հոր թոշակով։
Այժմ երիտասարդն իր միջոցներով բուժում է ստանում Մալայանի հիվանդանոցում։ Միայն դեղերի համար ծախսում է ամսական մոտ 70 հազար դրամ։ Որոշ դեղեր ստանում է նաև տեղի պոլիկլինիկայից․ «Դրանք իմ դեղերից չեն։ Օրինակ՝ դեքսամետազոն են տալիս, սակայն ես այլ դեղ եմ օգտագործում, որն ավելի շատ արժի։ Կամ իրենց տված հայկական կոլխիցինի 24 հատը 800 դրամ է, իսկ իմն անգլիական է՝ հատը 145»։
Արտասահմանում բուժում ստանալու համար Ռազմիկը դիմել է Գեղարքունիքի մարզպետարան, սակայն այնտեղից ասել են, որ բուժման հետ իրենք կապ չունեն, չեն կարող օգնել։
Երկու անգամ դիմել է Պաշտպանության նախարարություն, որտեղից էլ Ռազմիկի խոսքով, 2014-ին ասել են, թե իրենք արտասահմանում բուժվելու ծախսերը չեն կարող հոգալ, միայն կարող են ավիատոմսի արժեքը փոխհատուցել․ «Իսկ էնտեղի բուժումն էլ թիվ է․․․»։