Արարատի մարզի Այնթապ գյուղի աշակերտները բողոքի ցույց են անցկացրել գյուղապետարանի դիմաց։ Նրանք գյուղապետ Կարեն Սարգսյանից պահանջել են վերականգնել գյուղի ծայրամասերից աշակերտներին դպրոց տանող ավտոբուսը, որն արդեն 3 օր է հանվել է։ Նրանք նշում են, որ երթուղին հանել է ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը։ Տեսանյութը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը։
Կայքի հետ զրույցում դպրոցի աշակերտները նշել են, որ ավտոբուսի բացակայության պատճառով արդեն 2 օր է իրենք դպրոց չեն հաճախել։
«Մեր գյուղի միակ ավտոբոււսն էր, որ մեզ տանում էր, չի կարելի չէ։ Էս ցեխին ո՞նց ենք մենք գնալու։ Մինչև հասնենք դպրոց, սաղ ցեխ ենք լինելու։ Չեն ուզում, որ մենք կրթություն ստանանք, ուզում են ստրուկ սարքեն մարդկանց»,- ասել է երեխաներից մեկը։
Երեխաներն ավտոբուսը վերականգնելու պահանջով քայլել են դեպի գյուղապետարան։ Գյուղապետը, տեսնելով երեխաներին, մտել է բուժկետ՝ պատճառաբանելով, որ հիվանդ է և պետք է բուժօգնություն ստանա։ Երեխաներից մեկն էլ արձագանքել է, որ գյուղապետը «ցրում է իր վրից» և ամաչում է տեսախցիկի առաջ խոսել։ Բուժկետից դուրս գալուց հետո գյուղապետն առանց աշակերտների բողոքը լսելու մտել է գյուղապետարան։
Աշակերտների ծնողների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը պնդել է, որ այդ ավտոբուսը իր միջոցներով է աշխատել, իսկ հիմա ինքը հնարավորություն չունի վճարելու։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի այն հարցին, թե արդյոք համայնքի բյուջեից չեն տրամադրվում միոցները, գյուղապետն ասել է, որ մշակույթի տուն են կառուցում և համայնքի բյուջեում գումար չկա։
Լրագրողը, սակայն, խոսել է Այնթափի գյուղապետարանի աշխատակցի հետ, որը տրամադրել է համայնքապետարանի հաստիքացուցակը, որում ներառված է եղել նաև դպրոցի վարորդի աշխատավարձը։