Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պայմանագրային զինծառայող է լքել։ ՀՀ ոստիկանության տեղեկություններով՝ ապրիլի 16-ին՝ ժամը 9:30 սահմաններում, զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել։
«ՀԺ»-ն փորձել է պարզաբանումներ ստանալ 102-րդ ռազմաբազայի լրատվության հարցերով պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովից։
«Սակայն, երբ վերջինս տեղեկացավ, որ իր հետ խոսում է լրագրող, ընդհատեց հեռախոսազանգը։ Այնուհետև զանգերին պատասխանաեց իգական սեռի մի ներկայացուցիչ և տեղեկացրեց, որ չի կարող տրամադրել Անդրեյ Դոբրոսմիսլովի հեռախոսահամարը», -գրում թերթը և հավելում, որ խոսակցություններ կան, որ զինծառայողը զինված է։
Հիշեցնենք, որ 2015 թվականին ռուսաստանյան ռազմաբազան լքած զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվել էր Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ և դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման։