Home / Առողջապահություն / Դպրոցներում պետք է ներմուծել «Սեռական առողջություն» առարկան․ հետազոտություն

Դպրոցներում պետք է ներմուծել «Սեռական առողջություն» առարկան․ հետազոտություն

«Ես շատ խիստ եմ աղջկա նկատմամբ: Տղեն հլը մի քիչ հեչ: Շատ խիստ պտի ըլնես աղջկա նկատմամբ էսօր: Որ տենում ես ինչ ա կատարվում շրջապատում, տենց ա» (տղամարդկանց ֆոկուս խումբ, ք. Սևան)։

Ինչպես են Հայաստանում ծնողները վերաբերվում դեռահասության շրջանում գտնվող իրենց երեխաներին։ Դաստիարակության ժամանակ ինչ տարբերություններ են դնում աղջիկ և տղա երեխաների միջև։ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը 2016 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում «Ծնողների դիրքորոշումները դեռահասների զարգացման վերաբերյալ» թեմայով հետազոտություն է իրականացրել Երևան, Վանաձոր, Արմավիր և Սևան քաղաքներում։

Ընդհանուր առմամբ, ծնողների կարծիքով, դեռահաս աղջկա նկատմամբ պետք է ավելի խիստ լինել, քան տղայի, քանի որ աղջիկների կողմից «ճանապարհից շեղվելը» կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրանց ապագայի վրա:

Ծնողների շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ յուրաքանչյուր սեռն ունի իրեն հատուկ դերերը, կարգավիճակները և վարքաձևերը, որոնք տրված են «Աստծո և բնության կողմից»:

Դեռահաս տղային ծեծի տեսքով ֆիզիկական բռնության ենթարկելը մարզային քաղաքների կանանց համար դիտարկվում է որպես նրանց դաստիարակության և հնազանդության ամենակարևոր նախապայման. «Տղան առանց ծեծ չի մեծանում, պիտի պարտադիր տղային ծեծես: Աղջկան, ասենք, նուրբ ձևով ես դաստիարակում»:

Դեռահաս աղջիկների դեպքում ծնողներն անհանգստանում են նրանց կուսության պաշտպանության, ընդունելի առաքինի կերպարի և այս իմաստով նրանց և իրենց (ընտանիքի) բարոյականության և պատվի պահպանման համար. դրանով է պայմանավորված նաև աղջիկ երեխայի և դեռահասի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ դնելը. «…պամադա ա քսում, մեկ էլ տեսար՝ ուրիշ բան ա ուզում անի: Եթե դրան լուծում չտաս, ճիշտ ուղու վրա չդնես, երեխեն կփչանա… Չէ, էսօր պամադա է, էգուց ուրիշ բան ա: Փոքրուց ա սկսվում ամեն ինչը: Պետք է տիրություն անես երեխուն: Երեխուն, որ բաց թողեցիր, վերջ»:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ աղջիկները հայրերի հետ շփվում են հիմնականում մոր միջոցով:

«Հանկարծ մի հատ այլ բան ա ըլնում, շուտ, թեկուզ ինձ էլ չէ, մորն ասում ա, ու ոնց որ գիտի արդեն, որ էնտեղ ասեց, արդեն ես էլ գիտեմ»: (արական, միջնակարգ կրթություն, ք. Երևան)

Աղջիկները հորը դիմում են հիմնականում «անցանկալի երկրպագուներից ձերբազատվելու» կամ մոր կողմից արգելքի դեպքում հոր դրական պատասխանը ստանալու նպատակով: Քիչ են հանդիպում հայր-աղջիկ ընկերական շփումները։

Ինչ վերաբերվում է դեռահասների հետ սեռական կյանքի մասին խոսելու թեմաներին, հետազոտությունը ցույց է տալիս, որ ծնողների մեծ մասը դեռահասների հետ սեռականության վերաբերյալ հարցերի շուրջ խոսում է միայն շատ մակերեսորեն և կենցաղային ձևով: Սեռականության մասին հիմնականում խոսվում է անուղղակի կերպով։

«…մի քիչ սենց խաղերով: Առակներով եմ խոսըմ: Մերս էլ էր տենց` առակներով, հանաքներով… »: (արական, բարձրագույն կրթություն, ք. Արմավիր)

Ծնողների կարծիքով՝ սեռականության թեմայով քննարկումներն ավելի հեշտ է անել աղջիկների հետ: Սակայն, այստեղ էլ հարկ է նշել, որ աղջիկների հետ սեռականության թեմայով խոսելը հաճախ կրում է վերահսկողության բնույթ. այսինքն՝ ըստ ծնողների մեծամասնության տղաների հետ խոսելը այդքան էլ իմաստ չունի, քանի որ իրենք կարող են միայնակ ձեռք բերել թե սեռականության մասին տեղեկատվություն, թե նույնիսկ սեռական վարք դրսևորել և փորձ ձեռք բերել:

Սեռականությունն ընդհանրապես չի ընկալվում որպես քննարկման արժանի թեմա:

«Դրա անհրաժեշտությունը չկա, ինքը պարապ չի, որ ամբողջ օրը դրանով զբաղվի, տենա` ինչ ա կատարվում: Ինքը ձևավորվում ա մարդ, որը պիտի հասարակությանը շատ ավելի կարևոր հարցերում պիտանի լինի»: (արական, բարձրագույն կրություն, ք. Երևան)

Հետաքրքրական է, որ նույնիսկ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են դաշտանային շրջանը, երազախաբությունը, որոնք ունեն վառ արտահայտված ֆիզիոլոգիական դրսևորումներ, ծնողների կողմից չեն արժանանում պատշաճ ուշադրության:

Ծնողների մեծամասնության շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ մինչ ամուսնական սեռական հարաբերությունների մեջ կարող են լինել միայն տղաները և հետևաբար նրանք պետք է աղջիկներից շատ տեղեկացված լինեն: Ավելին, աղջկա կուսությունը կապվում է ազգային ինքնության հետ և նույնիսկ դիտարկվում է որպես ազգային արժեք:

Թեև Հայաստանում որպես այդպիսին բացակայում է «Սեռական կրթություն» առարկան դպրոցներում, այնուամենայնիվ, Հայաստանի դպրոցներում դասավանդվող «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում աշակերտներին տրամադրվում են գիտելիքներ սեռական և վերարտադրողական առողջության հարցերի վերաբերյալ։ Դրանք, սակայն, համաձայն հետազոտության հեղինակների, բավարար չեն, որ լրացնեն այն բացը, որը կա ոլորտում։

«Սակայն բացակայում են մի շարք կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ սեռական և վերարտադրողական օրգանների անատոմիան և ֆիզիոլոգիան, սեռական հարաբերությունները, հակաբեղմնավորիչ մեթոդները և այլն: Գրեթե բոլոր թեմաներում շեշտադրվում են սեռականության միայն վատ հետևանքները, ինչն ինքնին արդյունավետ մեթոդ չէ», – նշված է ուսումնասիրության մեջ:

Ըստ Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքի հոդված 5-ի 1-ին կետի, որը վերաբերում է դեռահասներիմ վերարտադրողական առողջության պահպանմանը, դեռահասներն իրավունք ունեն՝ իրազեկ լինելու սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ։

«Չնայած վերը նշված հոդվածի առկայության, այնուամենայնիվ, ՀՀ դպրոցներում դեռևս ներմուծված չէ սեռական առողջությունը որպես առանձին առարկա․․․ Սեռականությունը մարդու դաստիարակության և կրթության կարևոր մաս է կազմում և, չնայած մեր հասարակության մեջ մարդիկ դժվարանում են խոսել սեռականության մասին, այնուամենայնիվ, հասունացել է «Սեռական առողջություն» առարկան դպրոցներում ներմուծելու ժամանակը, ինչի համար անհրաժեշտ է հատուկ մեխանիզմների ստեղծում և վերահսկում», – նշված է հետազոտության մեջ: