հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Մինչ երեխաներն իրենց հերթին են սպասում, մանկապարտեզների տարածքները վարձակալության են տալիս․ «ՀԺ»

Մինչ երեխաներն իրենց հերթին են սպասում, մանկապարտեզների տարածքները վարձակալության են տալիս․ «ՀԺ»

Երևանի պետական մանկապարտեզներ ընդունվելու համար երեխաների հսկայական հերթեր են առաջանում։ Չնայած այդ իրավիճակին՝ նախադպրոցական բազմաթիվ հաստատությունների տարածքներ վարձակալությամբ տրված են այս կամ այն կազմակերպությանը։ Ընդ որում՝ հաճախ այդ տարածքներում հիմնադրվել են մասնավոր մանկապարտեզներ, որոնք իրականում պատկանում են պետական մանկապարտեզների տնօրեններին։ Խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը։

Լրագրողը գրավոր հարցման միջոցով Երևանի քաղաքապետարանից խնդրել էր տրամադրել քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող այն մանկապարտեզների ցանկը, որոնց շենքերից մասամբ կամ ամբողջությամբ տարածքներ են հանձնվել այլ սյուբեկտների։ Թերթը հարցրել էր նաև, թե այդ տարածքների վարձակալությունից որքան եկամուտ է ստանում Երևանը և քանի երեխա է հերթագրված մանկապարտեզ ընդունվելու համար։

«Քաղաքապետարանից ստացած պատասխանում զարմանալիորեն նշվում էր վարձակալությամբ հանձնված տարածք ունեցող ընդամենը 4 մանկապարտեզի մասին», -գրում է Զախարյանը։ Ըստ քաղաքապետարանի պատասխանի՝ 2009 թվականից Երևան համայնքին փոխանցված նախադպրոցական ուսումնասկան հաստատությունների զբաղեցրած տարածքներից վարձակալության իրավունքով հատվածներ են տրամադրվել հ․ 30, 33, 38 և 105 հաստատություններից։

Պատասխանում նշվում է նաև, որ մանկապարտեզների տարածքների բոլոր ազատ հատվածները տրամադրվել են բացառապես նախադպրոցական ուսումնական գործունեություն իրականացնելու նպատակով, բացառությամբ հ․ 105 ՆՈՒՀ-ի տարածքի, որը դեռևս 2007 թվականից զբաղեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության կենտրոնը։

Վարձակալության իրավունքով տրամադրված թվով 4 տարածքների տարեկան վարձավճարը, գրում է թերթը, կազմում է 11․601․916 ՀՀ դրամ։ Ինչ վերաբերում է մանկապարտեզ ընդունվելու իրենց հերթին սպասող երեխաների թվին, ապա ըստ Երևանի քաղաքապետարանի, 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հերթագրված է շուրջ 3000 երեխա։

«ՀԺ»-ի լրագրողը ներկայացրել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի գրություններից հատվածներ, որոնք տարբեր տարիներին նա ուղղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Օրինակ, գրում է թերթը, 2013 թվականի հոկտեմբերի 8-ին Բախշյանը մասնավորապես նկատել է․ «Երևանի քաղաքապետարանի կայքում 2010 թվականի Երևանի զարգացման տարեկան ծրագրի նախադպրոցական կրթությանը նվիրված մասում գրված է, որ թվով 47 նախադպրոցական ուսումնասկան հաստատություններում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որից 56-ը տարածքն օգտագործում է անհատույց, 31-ի գումարը տնօրինում են վարչական շրջանները, 14-ինը՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները, 5-ինն անհայտ է»։

Ավագանու անդամը, գրում է թերթը, դիմելով քաղաքապետին՝ նշում է, որ թե քաղաքապետարանից իրեն տրամադրված ցանկից պարզ է դառնում, որ մանկապարտեզի 43 շենքում 91 կազմակերպություններ տարածքներ են զբաղեցնում, որոնցից որոշների դիմաց գրված է«չի օգտագործվում»։

Զախարյանը նշում է, որ շատ հաճախ միևնույն հարկի տակ գործող պետական և մասնավոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները նույն ղեկավարն ունեն․ «Ավելի ճիշտ տարածքի բնակիչները դրանում համոզված են, մեր դիտարկումներն էլ վկայում էին այդ մասին, իսկ մանկապարտեզներում պնդում էին հակառակը»։

Նշվում է նաև, որ հ․ 38 մանկապարտեզը ղեկավարում է ԱԺ նախին նախագահ Գալուստ Սահակյանի հարսը՝ Սեդա Հակոբյանը։ Վերջինս Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին կինն է։

«Համար 30 մակապարտեզի տարածքի բնակիչներն ասում էին, որ այդտեղ գործող թե՛ պետական, թե՛ մասնավոր մանկապարտեզներն ունեն մեկ տնօրեն՝ Աննա Սալոյանը», – նշում է հոդվածագիրը։