ՀՀ օրենքն արգելում է պաշտոնատար անձի լիազորությունների և նախընտրական քարոզչության մեկտեղումը, սակայն պաշտոնատար անձը կարող է քարոզչություն անել իր աշխատանքից դուրս։ Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումին, որով վերջինս պահանջվում է անվավեր ճանաչվել ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքները՝ ընտրախախտումների առկայության պատճառով։
Մասնավորապես, դիմումում վկայակոչվել են փաստեր ընտրակաշառքի լայնածավալ բաժանման, պաշտոնեական դիրքի չարաշհմամբ ընտրողների վրա ճնշում գործադրելու մասին։ Փաստական հանգամանքներից է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած ձայնագրությունը, որում բացահայտվում է, թե ինչպես են դպրոցների և մանկապարտեզների տնօրենները զբաղվում ՀՀԿ֊ի համար ցուցակներ կազմելով և ձայներ հավաքելով։ Մուկուչյանը՝ որպես փաստ բերված այս ձայնագրությունը հրաժարվել է ընտրախախտումների ապացույց համարել։
«Պաշտոնատար անձինք կարող են քարոզչությամբ զբաղվել, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել։ Դա արգվելվում է միմիայն այն դեպքերի համար, երբ քարոզչությունը կատարվում է տվյալ անձանց լիազորություններն իրականացնելիս»,֊ ասել է Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը Կոնգրես֊ՀԺԿ֊ի մյուս կարևոր ապացույցի մասին առհասարկ չի խոսել։ Դաշինքը որպես ընտրախախտումների ապացույց վկայակոչել էր նաև ՍԱՍ գրուպում աշխատողների վրա կիրառված ճնշումները։
Ըստ Մուկուչյանի՝ ԿԸՀ֊ի դեմ բերված դիմումն անհիմն է, քանի որ դրանում առկա դատողությունները «սուբյեկտիվ բնույթ են կրում», հիմնված են «դիմումատուի ենթադրությունների» վրա։ Բացի դա, նրա կարծիքով՝ այս կամ այն տեղամասում ընտրախախումները բավարար չեն ամբողջ ընտրություններն անվավեր ճանաչելու համար։
«Ընտրությունների անվավեր ճանաչման համար անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն ընտրախախտումների փաստը հաստատվի, այլև ապացուցվի, որ դրանց պատճառով հնարավոր չէ որոշել ժողովրդի կամաարտահայտության իրական արդյունքը և դրանք ունեցել են անդառնալի բնույթ»,֊ ասել է Մուկուչյանը։
Կոնգրես֊ՀԺԿ֊ի հայցի շուրջ լսումները շարունակվում են։