Ադրբեջանում գործող Հումանիտար հետազոտությունների միությունը, որը գլխավորում է Ավազ Հասանովը, ապրիլի 25֊ին Բաքվում կլոր սեղան է անցկացրել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների ու լրագրողների մասնակցությամբ՝ «2017 թվականի ապրիլյան մարտերը․ դասեր ու եզրակացություններ» թեմայով։ Contact.az կայքի փոխանցմամբ, հանդիպմանը պետական պաշտոնյաներ չեն մասնակցել։
Քննարկման՝ Contact.az-ում ներկայացված բովանդակությանը նախորդում է հետևյալ ծանոթյունը․«2016 թվականի ապրիլի սկզբին Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի ջոկատները հայկական բանակի հարձակումների ներքո չորս օր տևած առաջխաղացումից ու նահանջից հետո ամրապնդվեցին առանձին դիրքերում, որոնք 1993 թվից ի վետ գտնվում էին Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակ։ Տարբեր տվյալներով, Ադրբեջանն ապրիլին վերադարձրել է 800 կամ 2000 հեկտար ղարաբաղյան հող։ Ապրիլյան մարտերը զգալիորեն փոխեցին Ադրբեջանի ու Հայաստանի հասարակությունները, իսկ Հայաստանում նաև փոխվեց ռազմական ղեկավարությունը։ Հայկական կողմի նախաձեռնությամբ դադարեցվել են Բաքվի ու Երևանի միջև 23 տարի տևող բանակցությունները»։
Ելույթ ունեցողներին կարելի պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արզու Աբդուլաևան, Միջազգային խաղաղարար պլատֆորմի նախագահ Օրհան Նաբիևը, Հումանիտար հետազոտությունների միության՝ հակամարտությունների կարգավորման վարչության նախագահ Բախտիյար Ասլանովն ու երիտասարդ քաղաքագետ Ահմեդ Ալիլին Ադրբեջանի հաջողությունը տեսնում էին հայաստանյան հասարակության հետ հումանիտար կապերի զարգացման, հայաստանցի փորձագետների հետ երկխոսության, Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների ձևավորվան մեջ։ Ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողների դաժանությունը վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղարար գործընթացին։ Մարդկանց կյանքը հանրային ցանկություններից ավելին արժե, և պետությունները պետք է առաջնորդվեն այս դրույթով՝ ահա Աբդուլաևայի ու մյուսների հիմնական թեզերը։
Բանախոսների երկրորդ խումբը կտրականապես դեմ էր վերը նշված պնդումներին։ Ղարաբաղի պաշտպանության միավորման նախագահ Ակիֆ Նաղին, պատմաբան Ռիզվան Հուսեյնովը, քաղաքագետ Իլգալ Վելիևը, «Հանուն Ադրբեջանի» հանրային ֆորումի նախագահ Էլդար Նամազովն ու մի քանի լրագրողներ քարոզում էին ակտիվ ռազմական գործողություններ կամ «հիբրիդային պատերազմ»՝ տեղական մարտեր, դիպուկահարների գնդակոծություններ զուգորդված ագրեսիվ պետական դիվանագիտությամբ ու Ադրբեջանի հանրային հատվածի ակտիվությամբ՝ ուղղված Երևանի գործողությունների կորստաբերության գաղափարը Հայաստանի հանրությանը հասցնելուն։
Քաղակական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի նախագահ Մուբարիզ Ահմեդօղլուն առարկում էր՝ պնդելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմն ամենից շատ ձեռնտու է հայամետ Ռուսաստանին, որը ցանկանում է տարածաշրջանում բացառապես Մոսկվային շահավետ նոր սահմաններ գծել։
Ակիֆ Նաղին վստահություն է հայտնել, որ ադրբեջանական բանակն ի վիճակի է ու պետք է կարգավորի ղարաբաղյան հարցն առանց Ռուսաստանի գործոնը հաշվի առնելու։
Էլդար Նամազովը քննադադատում էր Ադրբեջանի արտգործնախարարությանը՝ գերատեսչությանը կոչ անելով դիմել ավելի ագրեսիվ գործողությունների․ըստ նրա՝ հատուկ նշանակության ուժերի գործողությունները ադրբեջանցի դիվանագետների համար նոր հնարավորություններ ստեղծեցին, որոնք ԱԳՆ֊ը չօգտագործեց։ Ավելին, ԱԳՆ ներկայացուցիչը սխալ է մեկնաբանում հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը՝ դրա քաղաքական նշանակությունը զրոյի հավասարեցնելով։ Նամազովն ասել է, որ Ադրբեջանի ԱԳՆ֊ը համաշխարհային հանրությունից չի պահանջում գնահատական տակ հայաստանցի անջատողականների գործողություններին, որոնք կամայականորեն վերանվանում են բռնազավթված ադրբեջանական գյուղերն ու քաղաքաներն ու վերակառուցում Ադրբեջանի ճարտարապետական և պատմական հուշարձանները։
Նամազովի հետ համաձայն էր «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի նախագահ Էլհան Շաինօղլուն․ «ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն կողմնակի դիտորդի պես է պահում՝ չմիջամտելով զավթիչների սադրիչ գործողություններին»։
Լրագրող Սեյմուր Կասիմովը, ով ապրիլյան մարտերի ժամանակ ու դրանց ավարտից հետո այցելել էր ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող ղարաբաղյան շրջաններ, խոսում էր այն մասին, որ տեղացիների շրջանում խուճապ ու տագնապ չէր նկատել, սակայն «տուժում է մարդկանց հոգեվիճակը»։ Նրա խոսքով՝ «պետությունը պարտավոր է ոչ միայն նյութապես օգնել սահմանամերձ շրջանների բնակիչներին, այլև՝ հոգալ նրանց հոգեկան առողջության մասին»։
Մյուս բանախոսներն Ադրբեջանի իշխանություններին քննադատում էին ղարաբաղյան հարցն իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության շրջանակում մոնոպոլիզացնելու համար, խոսում իրավապաշտպանների ու լրագրողների ձերբակալությունների (Ռաուֆ Միրկադիրով, Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններ և այլն), պաշտոնաթող քաղաքական գործիչների՝ ղարաբաղյան հարցից հեռացված լինելու մասին, «մինչդեռ Սերժ Սարգսյանը հմտորեն օգտագործում է քաղաքացիական հատվածն ու Հայաստանի ընդդիմադիր փորձագիտական հանրությունը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ու համաշխարհային կազմակերպություններին Հայաստանի կողմը քաշելու համար»։