Խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները կրկին ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ հիշեցնելով, որ իրենց որդիների գործերով պատշաճ քննություն չի իրականացվում։ Նրանք նշում են՝ հանգիստ չեն տալու պաշտոնատար անձանցից ոչ մեկին մինչև իրենց որդիների գործերը չբացահայտվեն և մեղավորները չպատժվեն։
Սևազգեստ մայրերից մեկի՝ Իրինա Ղազարյանի որդին՝ Արթուր Ղազարյանը, այսօր կդառնար 26 տարեկան։ Նա մահացել է 2010 թվականին Լեռնային Ղարաբաղում։
Իրինա Ղազարյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ որդու սպանությունից 7 տարի է անցել, բայց դեռ ոչ ոք չի պատժվել, այլ հակառակը՝ որդուն սպանողներին Սերժ Սարգսյանը մեդալներ է շնորհել ապրիլյան քառօրյային մասնակցելու համար․ «Էսօր իմ տղեն պիտի 26 դառնար։ Մի 18 տարեկանն ա նշել ու էս խուժանը (ձեռքով ցույց է տալիս նախագահի նստավայրի կողմ) տարել ա Ղարաբաղ, իսկ իմ էրեխու սպանողին էլ՝ Ջհանգիրյան Մարտինին, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ պարգևատրում ա»։
2010 թվականին Լեռնային Ղարաբաղում մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, մեզ տեղեկացրել է, որ արդեն 4 ամիս է ինչ ՀՀ դատախազության որոշումով իր որդու կասեցված գործը վերաբացվել է, սակայն գործով դեռևս ոչ մի քայլ չի արվել։
«Կասեցումից հանել են ձևական, նորից կպտտեն տարիներ շարունակ ու նորից կկասեցնեն։ Մեզ նույնիսկ կասեցումից հանելու որոշումը չեն տրամադրում։ Փաստաբանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն, որ տրամադրեն, թե ինչ հիմքերով է կասեցումից հանելու որոշումը կայացվել, սակայն մերժել են»,- ասել է Մուրադյանը։
Սևազգեստ մայրերն անդրադարձել են նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ես եմ» ծրագրին՝ նշելով, որ դրանց միակ նպատակն այն է, որ սահմանին ծառայեն աղքատ ընտանիքի զավակները, իսկ պաշտոնյաներն ավելի հեշտությամբ իրենց տղաներին ազատեն ծառայությունից։
«3-րդ տարին ծառայող զինվորների համար 5 միլիոն դրամ ա առաջարկում։ Այսինքն, ո՞վ պիտի ծառայի, ստիպված պիտի ծառայի չքավոր ընտանիքի երեխան, որ ինչ֊որ մի բանով օգուտ տա իր ընտանիքին։ Դա էլ նշանակում է, որ իրանք իրանց լակոտներին ավելի հեշտ կազատեն բանակից։ Իրանց էրեխեքին կպահեն իրանց կանանց փեշերի տակ, իսկ չքավոր ընտանիքների զինվորները պետք ա գնան առաջնագիծ, ծառայեն, վերջում էլ գլուխները կուտեն, կասեն՝ ինչ անենք, զոհվեց», – ասել է Նանա Մուրադյանը։