Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2016 թվականին Հայաստանում գործող կազմակերպություններում՝ աշխատավայրերում, արձանագրվել է 58 արտադրական դժբախտ պատահար, որոնցից 6֊ը՝ մահվան ելքով։ Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրության ծառայությունը։
Պատահարների մեծ մասը՝ 38-ը (65 %), տեղի են ունեցել հանքաարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում։ Դեպքերի կեսը գրանցվել է Սյունիքի մարզում։
Պատահարների հետևանքով տուժած աշխատողների մի մասը անաշխատունակ է դարձել։ Տարբեր կարգի հաշմանդամություն են ստացել 3 աշխատող։ Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով հասցված վնասները փոխհատուցելու համար՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստ, կորցրած աշխատավարձի փոխհատուցում, բժշկական և այլ ծախսերի համար գործատուները վճարել են 106 միլիոն դրամ։
ԱՎԾ֊ն չի նշում, թե դեպքերից քանիսն են հետաքննվել, քանի դեպքի առթիվ է քրեական գործ հարուցվել գործատուի կողմից աշխատանքային նորմերը չպահպանելու համար և կան արդյոք պատժվածներ։