2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունն ուղեկցվել է բազմաթիվ թերություններով, այդ թվում` վատ վարչարարությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքի խախտումներով։ Այս մասին նշված է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությանն Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ հրատարակված զեկույցի մեջ։
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի ընտրատարածքներում։ Համաձայն զեկյուցի՝ ընտրությունների ժամանակ առավելապես օգտագործվել են վարչական և ֆինանսական ռեսուրսների չարաշահումներ, ինչը հնարավորություն է տվել քվեարկության միջոցով ստանալ ցանկալի արդյունքները և չկիրառել նախկինում օգտագործվող որոշ խախտումներ:
Դիտորդական առաքելությունն արձանագրվել են ընտրողների ուղղորդումներ, քվեարկության վերահսկողություն, կրկնակի և բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր և փորձեր, կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում: Կիրառվել են ընտրողների ինքնությունը բացահայտող տարբեր մեթոդներ` սկսած ծրարներում դրված կտրտված թերթիկներից մինչև գունավոր գրիչների կիրառում։
Հելսինկյան կոմիտեի կողմից դիտարկված տեղամասերում մի շարք տեղական կազմակերպությունների դիտորդներ հետապնդել են կուսակցական շահեր («Ծառուկյան» դաշինք և ՀՀԿ), ուղղորդել ընտրողներին, օգնել քվեարկել, փորձել ցուցումներ տալ ՏԸՀ անդամներին, վերահսկել քվեարկության ընթացքը, զբաղվել բանավոր քարոզչությամբ և այլն: Այդ կազմակերպություններն են` «Լիարժեք կյանք», «Մարզային նախաձեռնությունների և ծրագրերի զարգացման կենտրոն», «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Միացյալ առաջնորդների պալատ», «Եվրասիական ինտեգրացիա», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ», «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»: Մասնավորապես, 6/38 տեղամասում «Եվրասիական ինտեգրացիա» կազմակերպությունը ներկայացնող դիտորդն ուղեկցել է մարդկանց դեպի քվեախցիկ:
Հելսնիկյան կոմիտեն նաև արձանագրել է ավտոմեքենաներով մարդկանց խմբերի տեղափոխում տեղամաս:
Բացի դա, բազմաթիվ տեղամասեր մատչելի չեն եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար, բացակայել են տեսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար նախատեսված հատուկ միջոցները, պատշաճ կահավորված չեն եղել քվեարկության սենյակները, ինչպես նաև գրեթե բոլոր տեղամասերում արձանագրվել են էլեկտրոնային գրանցման սարքերի խափանումներ:
Որոշ ընտրատեղամասերում խոչընդոտվել է դիտորդական առաքելության իրականացումը: Մասնավորապես, թիվ 6/15 և 6/37 տեղամասերում խոչընդոտվել են Հելսինկյան կոմիտեի դիտորդների մուտքը տեղամասեր: ՏԸՀ նախագահները պատճառաբանել են, թե քանի որ տեղամասում արդեն կա մեկ տեղական դիտորդ, չեն կարող թույլատրել երկրորդ դիտորդի ներկայությունը:
Զեկույցում նշված է, որ քվեարկության գնացող քաղաքացիները հաճախ բացահայտում էին իրենց կատարած ընտրությունը` քվեաթերթիկը ցուցադրաբար դնելով ծրարի մեջ քվեախցիկից դուրս կամ բարձրաձայն հայտարարելով կատարված ընտրության մասին:
Օրինակ, թիվ 6/14 տեղամասում բազմաթիվ ընտրողներ բարձրաձայնել են իրենց կատարած ընտրության մասին: Ըտրողներից մեկը ընտրատեղամաս է եկել քվեաթերթիկի նմուշի օրինակով` «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մեկի դիմաց նշումով: 6/16 ընտրատեղամասում մի քաղաքացի զրույցի ընթացքում ասել է, որ ՀՀԿ-ին է ընտրելու, «քանի որ իրեն դրսում սպասում են, որ գումար տան»: 6/19 ընտրատեղամասում մի կին բարձրաձայն հարցրել է, թե «ինչպե՞ս պետք է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։