Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 1997թ․ ծնված պարտադիր ժամկետային զինծառայողին: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ առանց նշելու ծառայակցի անունը։
«Մեսրոպյանը կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1997թ. ծնված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող», – նշված է հաղորդագրության մեջ։
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Նշենք, որ նախնական պաշտոնական տվյալներով, Մեսրոպյանը վնասվածքն ստացել էր ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: