Ավագ սերժանտ, գյումրեցի Արթուր Հասանյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է։ 2016 թվականին Ղարաբաղում ապրիլյան էսկալացիայի օրերին զինվորը տուժել էր նռնակի պայթյունից։ Արթուրի մայրը՝ Ասլի Հասանյանը, Epress.am֊ին պատմել է, որ որդու զինգրքույկում նշված էլ չէ, որ որդին պատերազմի մասնակից է, իսկ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրենց չի ընդունում։
«Մայիսին Արթուրը պետք է զորացրվեր, հունվարին տուն էր եկել մեդալներով։ Ավագ սերժանտ էր, ծառայում էր Մարտունիում։ Իր ուղղությամբ նռնակ է ընկել ապրիլի պատերազմի օրերին, մի քանի մետր հեռու է շպրտել։ Նա հաջորդ օրը հայտնել է հրամանատարներին, որ վատ է զգում, ուշադրություն չեն դարձրել, էլի ուղարկել են առաջնագիծ։ Առաջնագծում ուշքը գնացել է, միայն այդ ժամանակ են բերել Ստեփանակերտ։ Ստեփանակերտում չեն հասկացել՝ ինչ է հետը կատարվում, բերել եմ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ «Մուրացանում» մնացել է երեք ամիս և ուղարկվել Կարմիր խաչ, հետո՝ տուն», – պատմել է մայրը։
Նրա խոսքով՝ որդու վիճակը անցնող մեկ տարվա ընթացքում գնալով վատացել է․ հիմա Արթուրի ձախ ձեռքն ու ձախ ոտքը բարակել են, քայլում է միայն ուրիշի օգնությամբ։ «Ես վախենում եմ հիվանդությունը հասնի գլխին, վաղը բերելու եմ Երևան, որ դուք էլ՝ լրագրողներդ ձեր աչքով տեսնեք», – ասում է Ասլի Հասանյանը։ Բացի թուլությունից, նախկին զինվորը նաև սկսել է անընդհատ մրսել։ «Հիմա Գյումրիում շոգ է, ես մեր դոմիկում փեչ եմ վառում Արթուրի համար»։
Նա պատմում է, որ բժիշկները դժվարանում են որդուն ախտորոշել․ Մուրացանի հոսպիտալում ասել են, որ գուցե Արթուրի մոտ կա գենետիկական հիվանդություն։ «Եթե գենետիկական էր, ինչո՞ւ տարաք բանակ։ Չէ՞ որ իմ տղան ստուգվել է զինկոմիսարիատում։ Մտածեցին, եզդի ենք, անգրագետ, էդ պատճառաբանությունը կանցնի, տեսան՝ չանցավ, ընդունեցին, որ նռնակից է․․․», – ասել է նա։
Կինը բողոքում է, որ «Մուրացանում» որդուն երեք ամիս անուշադրության են մատնել, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի ընդունում իրեն։ «Մի անգամ անցա ՊՆ-ի զաբորները, ասեցի՝ չեմ գնա, մինչև նախարարը ինձ չընդունի։ Ինձ ընդունում էր Պողոսյանը, ով ասում էր՝ ես ենթակա մարդ եմ, ձեր խնդիրը իմ ուժերից վեր է։ Ենթակա ես, թող նախարարը ընդունի։ Ես նամակ եմ գրել վարչապետին նախարարի դեմ։ ՊՆ-ում իմ ձայնը գիտեն․ որ զանգում եմ՝ ասում են՝ տիկին Ասլի, դո՞ւք եք։ Պողոսյանն էլ չէր պատասխանում արդեն զանգերիս՝ ասում է՝ ես իմ կնոջ զանգերին էլ չեմ պատասխանում։ Ինձ իր կնոջ հետ թող չհամեմատի․․․»։
Հասանյանը նշում է, որ Արթուրի հետ տեղի ունեցածից ու ՊՆ կողմից անուշադրության մատնվելուց հետո չի պատկերացնում՝ ինչպես է զորակոչման ենթակա կրտսեր որդուն մի քանի ամսից ևս բանակ ուղարկելու։
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ծանոթ է Արթուր Հասանյանի գործին․ «Մի քանի օր առաջ զբաղվել եմ էդ գործով»,֊ նշել է նա՝ հերքելով, սակայն, որ Հասանյանը մասնակցել է ապրիլյան պատերազմին․ «Իրենց զորամասը կարծեմ պատերազմին չի մասնակցել»։
Ինչ վերաբերում է բուժման հետ կապված դժգոհություններին՝ ՊՆ պաշտպոնյան ասել է․«Մինչև հիմա էլ մենք ենք զբաղվել բուժմամբ, ու էլի պետք է գնա Կարմիր խաչ՝ վերականգնողական բուժման։ Դա բարդ բուժվող հիվանդություն է ամբողջ աշխարհում։ Ինչ վերաբերում է արտասահմանում բուժման ուղարկելուն, օրենքն ասում է, որ արտասահման ուղարկվում են այն դեպքում, երբ Հայաստանում բուժման հնարավորություն չկա, և եթե զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կողմից։ Այսինքն, նռնակը բավարար չէ, պետք է հակառակորդի նռնակ լինի, ոչ թե, ասենք, ուսումնական վարժությունների ընթացքում, կամ զենքի կանոնների խախտման ժամանակ տեղի ունեցած նռնակի պայթյուն»։
Ասլի Հասանյանը Epress.am-ին ասում է, որ որդուն կարող են Հայաստանում էլ բուժել, բայց ոչ Կարմիր խաչում։ «Կարմիր խաչում սաղ իրենց մարդիկ են։ Իրենք ուղղակի չեն ուզում իրենց բյուջեին կպնել, թող իմ ժողովրդից հավաքած 1000 դրամներից ինձ փող տան, թքած ունեմ իրենց նախարարության վրա․ դա էլ չեն անում»։