ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար կալանավորվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Ա.-ն «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար նրա հարազատներից պարբերաբար խոշոր չափերով կաշառք է ստացել:
Վ. Ա.-ն, 2015 թվականին զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Հրազդան» ՔԿ հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը, դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար մի դեպքում ստացել է 1500 և 1000 ԱՄՆ դոլար, իսկ մյուս դեպքում՝ 400 ԱՄՆ դոլար կաշառք:
Հանցագործությունից 2 տարի անց «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիմնարկի օպերատիվ խմբի նախկին ղեկավարը խոշոր չափերով կաշառք է ստացել նաև այլ դրվագներով, ինչպես նաև կաշառք վերցնելու փաստեր են ձեռք բերվել քրեակատարողական հիմնարկի այլ աշխատակցի կողմից ևս: