Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը, որը Երևանի ավագանու ընտրությունների օրը ընտրատեղամասերից մեկում ներկայացել էր դիտորդ «Կրթություն և մշակույթ» կազմակերպության անունից։ Այս մասին գրում է Civilnet.am-ը։
Այդ ժամանակ «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ընտրատեղամասից կապ էր հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և պարզել, որ Ստեփանյանի անունը չկար գրանցված դիտորդների ցուցակում։
«Փաստորեն, նրա դիտորդական վկայականը կեղծ էր։ Աննա Ստեփանյանը պնդել էր, որ իր վկայականը կեղծ չէ, սակայն տեսախիցկների առջև այդպես էլ չէր բացատրել, թե ինչպես է պատահել, որ իր անունը չկա ԿԸՀ-ում», -գրում է կայքը։
Աննա Ստեփանյանին այնուհետև դուրս էին հրավիրել ընտրատեղամասից:
Տեսանյութը՝ Azatutyun.am-ի
Նշենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հրաժարական էր ներկայացրել։