Home / Մարզեր / «Պատմելու բան չի»․ շաքարի գործարանում մահվան ելքով դեպքի ականատեսներ

«Պատմելու բան չի»․ շաքարի գործարանում մահվան ելքով դեպքի ականատեսներ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գտնվող, ՀՀԿ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԼՈՒՍԱՍՏՂ-ՇՈՒԳԱՐ» շաքարի գործարանում հունիսի 3-ին մահացած Այգաբացի բնակիչ Արմեն Թովմասյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 241-րդ հոդվածի 2-րդ կետով (Երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Թե ինչ պայմաններում է մահացել Թովմասյանը, Քննչական կոմիտեն տեղեկություն չի տվել։ Մահվան հանգամանքների մասին հստակ տեղեկություն չունի նաև հանգուցյալի ընտանիքը։ Միայն գիտեն, որ Արմենը և ևս երկու հոգի եղել են ցորենի վագոնի վրա։

«Ով որ դեպքը տեսել էր, ասել եմ, որ ինձ պատմեն, չեն պատմել։ Ոչ մի բան չեն ասում, ասում են՝ պատմելու բան չի, որ պատմենք», – մեզ հետ զրույցում ասել հանգուցյալի կինը՝ Սեդա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ դեպքի օրը՝ առավոտյան, ամուսինը տխուր է գնացել գործի․ «Ասաց՝ երանի էդ ցորենի վագոնները չգան։ Էդ ասածն ուղեղիս մեջ է», – պատմել է կինը, ով նշել է, թե տեղյակ չէ՝ ինչու էին շաքարի գործարանում ցորեն բեռնաթափում։

Սեդայի խոսքով՝ ամուսինը գործարանի բացման օրվանից է աշխատել, սակայն միայն 3 տարի է, որ գրանցված աշխատող է․ «Աշխատել է, որպես հերթի պետ, բայց բանվորություն էլ էր անում, հումք էլ էր թափում»։

Ընտանիքի միակ աշխատող Արմենն ամսական ստանում էր 180 հազար դրամ, սակայն կայուն չէր աշխատանքը։ Կնոջ խոսքով՝ երբեմն ամուսինը աշխատում էր օրը մեջ և ստանում օրական 9000 դրամ։ Երկու անչափահաս երեխաների հետ ամուսիններն ապրում էին վագոն-տնակում՝ սոցիալապես ծանր պայմաններում։

Դեպքից հետո գործարանի ղեկավարությունից այցելել են նրանց տուն, 500 հազար դրամ տվել և խոստացել, որ մի քանի օրից կգան, կնստեն, կզրուցեն։