Հայաստանը նպատակ է դնում բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների և գույքի մի մասը արտադրել հենց երկրում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը՝ մեկնաբանելով հունվարի 31-ին կառավարության հավանությանն արժանացած «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը»։
«Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ իր հզոր ռազմարդյունաբերական համալիրը և արտադրել իր սպառազինությունների մի զգալի մասը։ Տեխնիկապես ու տեսականորեն դա հնարավոր է, անշուշտ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին վերցրած», – գրում է Գևորգյանը։
Ռազմական արդյունաբերությունը ունի մի հետաքրքիր «բնավորություն», նշում է հեղինակը․ տարիներ շարունակ նա նստում է տնտեսության «ուսերին», քամում նրանից ահռելի ռեսուրսներ, սակայն մի պահից սկսած՝ տասնապատիկը վերադարձնում․ «Այսօր ամբողջ աշխարհում քաղաքացիական տնտեսության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների մեծ մասը վերցված են հենց ռազմական մշակումներից։ Բայց ամենասկզբում ռազմարդյունաբերական համալիրը «ձրիակերի» պես պետք է նստի տնտեսության ուսերին, տնտեսությունն էլ պետք է համբերատար ու հետևողականորեն կերակրի այդ «ձրիակերին»»։
Ըստ Գևորգյանի՝ ՀՀ-ն այսօր էլ որոշակի զենք-զինամթերք է արտադրում, սկսած նռնակներից ու ականներից՝ մինչև անօդաչու սարքեր։ Սակայն, օրինակ, տեղական անօդաչուներն անընդհատ կարիք ունեն արդիականացման, բազմազանեցման։
«Մեր արտադրած զինատեսակներն անընդհատ մրցակցության մեջ են լինելու աշխարհի լավագույն արտադրատեսակների հետ։ Մեր անօդաչուներն, օրինակ, պետք է ունենան շատ լավ էլեկտրոնային պաշտպանության համակարգ, որովհետև մեր հակառակորդը դրանք վերացնելու համար օգտագործելու է ոչ թե իր մշակած տեխնիկան, այլ, ասենք, իսրայելականը։ Մի խոսքով՝ առանց հզոր, որակապես ու քանակապես զարգացող տնտեսության մեր ռազմարդյունաբերական համալիրը չի կարող կայանալ։ Իսկ դա նշանակում է, որ զարգացած տնտեսություն ունենալը ոչ թե հաճույք է, այլ անհրաժեշտություն։ Եվ ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունն այդ գիտակցումը չունի։ Եթե լիներ այդպիսի գիտակցում, ապա տնտեսությունը չէր նվիրաբերվի մոնոպոլիաներին ու օլիգոպոլիաներին, բիզնեսն ու իշխանությունն այսպես չէին սերտաճի, կոռուպցիան այսպիսի ամուր ու կառուցվածքային բնույթ չէր ունենա», – մասնավորապես, ասվում է հոդվածում։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում