Լոնդոնում Grenfell Tower շենքի հրդեհը, որն առնվազն 58 մարդու կյանք է խլել, պարզապես դժբախտություն չէր։ Այդ աղետն ամենաակնհայտ կերպով վեր հանեց խնայողությունների տակ ճռռացող, ըստ դասակարգերի բաժանված բրիտանական հասարակության սարսափելի իրականությունը, և Պահպանողականների կառավարության անմարդկային, դաժան էությունը։ Շենքի հրդեհի հետ կապված իրավիճակը ներկայացրել է Red Flag բրիտանական պարբերականի կայքը։
Մարդիկ մահացան շենքում, քանի որ նրանք աղքատ էին։ Նրանք մահացան, քանի որ Պահպանողականների տեղական խորհուրդն ատում էր նրանց և մատը մատին չէր տալիս թույլ մարդկանց՝ իրենց անկողիններում այրվելը կանխելու համար։ Նրանք մահացան, քանի որ հանրակացարանների ինստիտուտը դանդաղ վերանում է, և կառավարությունները հաջորդաբար, բյուրոկրատիայի դեմ պայքարելու անվան տակ, վերացրել են անվտանգության կարգավորումները և աշխատավոր դասակարգի մարդկանց թողել են անբարեխիղճ, ծախսերը պակասեցնող մասնավոր ընկերությունների ողորմությանը։
Հրդեհի հավանական պատճառը շենքի արտաքին ծածկի համար օգտագործված նյութն է, որն արգելված է անգամ ԱՄՆ֊ում, քանի որ այդ նյութը հայտնի է որպես հրդեհավտանգ։ Հակահրդեհային այլընտանքային ծածկ տեղադրելն ընդամենը 8000 դոլար կարժենար։ Հիմա բացահայտվել է, որ, ծածկն ընտրելիս, կառուցողները առաջնորդվել են ոչ թե շենքի բնակիչների կարիքներով, այլ հարակից հարուստ թաղամասի բնակիչներին «տհաճ տեսարանից» պաշտպանելու նպատակով։ Ինչը կարող է ավելի ցուցիչ֊խորրդանիշ լինել այն արհամարհանքի, որով Պահպանողականների խորհուրդը վերաբերվում է աշխատավոր շահառուներին։
Հրդեհից հետո բազմաթիվ պատմություններ են բացահայտվել, որոնք նկարագրում են նեոլիբերալիզմի դարաշրջանի կառավարությանների և իշխանության գարշելի, բայց իրական պատկերը։ Օրինակ, Թերեզա Մեյի (Մեծ Բրիտանիայի վարչապետ֊խմբ․) նոր ոստիկանապետը և Հրդեհային պաշտպանության նախարարը՝ Նիք Հըրդը, Պահպանողական կուսակցության այն 72 պատգամավորներից են, որոնք բնակարանային համալիրներ ունեն և դեմ են քվեարկել «տները կյանքի համար պատշաճ դարձնելու» օրինագծին։ Թերեզա Մեյի աշխատակազմի նոր ղեկավարը բնակարանների հարցերով նախարարներից է եղել, ովքեր արհամարհում էին բարձր ռիսկայունթյուն ունեցող շենքերի մասին ահազանգերը, այդ թվում՝ այն ահազանգը, որ Grenfell Tower֊ը հրդեհակայուն չէ։
Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ հաշվարկվում էին խորհրադարանական ընտրությունների արդյունքները, ամբողջ երկրով մեկ երիտասարդները ակումբերից ու փաբերից փողոց լցվեցին՝ վանկարկելով Ջերեմի Քորբինի (Պահպանողական կուսակցության հիմնական հակարակորդ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ֊խմբ․) անունը։ Դա հույսի մի հուզիչ պահ էր։ Բայց հիմա, երբ Բրիտանիան բախվեց Grenfell Tower֊ում կատարվածի ողջ սարսափին, այդ հույսի զգացողությունը փոխարինվեց չոր զայրույթով։
Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ զոհերի համար արդարություն պահանջելով և դատապարտելով արդեն սկսված կոծկումները։
Սա պարզապես զայրույթ չէ պահպանողականների դեմ։ Այն փաստը, որ շենքը գտնվում էր երկրի ամենահարուստ թաղամասում՝ շրջապատված միլիոնատերերի և բանկրների շքեղ տներով, ընդգծում է դասակարգային բաժանման հրեշությունը։ Վերևում գտնվողներն ունեն ամեն ինչ՝ անսահման հարստություն, ավելի շատ, քան պատմության թագավորներն ու թագուհիները միասին վերցրած։ Իսկ աղքատներին բարձրահարկում անվտանգ համակարգ ապահովելն էլ շատ էր։
Խնայողությունների դեմ զայրույթը հասունանում էր տարիներ շարունակ։ Բայց քաղաքական իշխանությունը և իշխող դասակարգը ոչինչ չեն արել իրավիճակը փոխելու համար։ Երբ հին ձախ Ջերեմի Քորբինը հաղթանակով ստանձնեց Լեյբորիստների կուսակցության առաջնորդությունը և խոստացավ վերացնել խնայողությունները, առողջապահությանն ու կրթությանը վերադարձնել հանրային ֆինանսավորումը, խլել հարուստներից իշխանությունը, մեդիան և քաղաքական ընդդիմախոսները նրան ծաղրում էին։ Նրանք ասում էին՝ Քորբինն ապրում է անցյալով, սոցիալական քաղաքականությունը մահացել է, նեոլիբերալ կոնսենսուսը այլընտրանք չունի։
Հիմա հին կարգի «ապարատչիկները» պատասխան են տալիս։ Պահպանողական կուսակցությունը ջախջախված է, այն այլևս չունի մեծամասնություն խորհրդարանում, իսկ նրա առաջնորդը ուղղակի վարկաբեկված է։ Այս օրերին, երբ Թերեզա Մեյը նույնիսկ հրաժարվում է հանդիպել փրկված բնակիչների հետ, իշխողների և իշխվողների միջև անդունդն ուղղակի ակնհայտ է դառնում։
Քաղաքական գործիչները, մեդիա սեփականատերերը և բանկիրները չեն ամաչում հասարակության սոցիալական կառուցվածքից, որի շնորհիվ նրանք հարստանում են։
Նրանց հաղթելու համար, այլ ապագայի մասին հույս ունենալը բավարար չէ, պետք է նաև զայրույթ։ Վայրի զայրույթ, դիմադրելու, հակահարված տալու վճռականություն է պետք, որպեսզի տապալվի համակարգը և այն սոցիալական դասակարգը, որի դաժան անտարբերությունն աշխատավոր դասակարգի մարդկանց հասցրեց իրենց անկողիններում այրվելուն։