Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչները պահանջում են նախ և առաջ իրենց վերցրած վարկերի տոկոսների սառեցում՝ որքան հնարավոր է երկար ժամանակով։ Այս մասին այսօր կարկուտից տուժած գյուղերի համայնքապետերը հայտարարել են Արմավիր քաղաքում «Մեդիա֊Կենտրոնի» մամուլի ակումբի կազմակերպած հանդիպմանը։
«Անցյալ տարվա կարտկահարությունից միայն տվել են ջրի վարձի փոխհատուցում։ Հողի վարձի փոխհատուցում պետք է լիներ, չեղավ, չգիտեմ՝ ինչի։ Անցյալ տարի համայնքը ջնջվել է, ոչ մի բան չենք ունեցել։ Էս տարի էլ եղավ։ 5-8 սմ կարկուտը նստած էր հողի վրա, նկարները կան։ 237 հեկտարի վրա վնաս է հասցրել մենակ մեր գյուղում։ Մնացած բերքը չգիտենք՝ պահածոների գործարան կընդունեն, թե չէ, որակը վատացել է։ Անցյալ տարի մեր վարկը սառեցրեցին, ավելի ճիշտ բանկն ասեց՝ բերեք 14 տոկոսով, սուբսիդիայով վարկերը փակեք, մենք ձեզ թազա վարկ տանք։ Վերջը ժողովուրդը գնաց 14 տոկոսով վարկերը փակեց, 20 տոկոսով վարկ տվեցին իրանց։ Էդ մեզ ոչ մի բանով չօգնեց»,֊ ասել է Ամբերդ գյուղի համայնքապետ Մանվել Բաբայանը։
Նա ասել է, որ այս տարի էլ առաջին հերթին վարկերի սառեցում են ակնկալում։
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը քննարկման սկզբին հիշեցրել է, որ անցյալ տարի կարկուտը շատ ավելի հզոր էր և ավելի շատ բերք է վնասել։
«Վատի մեջ լավը գտնենք, անցյալ տարվա համեմատ վնասներն ավելի քիչ են եղել»,֊ ասել է նա։
Նա ևս հաստատել է, որ տուժած գյուղացիները հիմնականում հետևյալ պահանջներն ունեն․ հողի և ջրի հարկերի զիջում, վարկերի սառեցում, վարկային տոկոսների սառեցում, նաև սովորող երեխաների ուսման վարձերի զիջում։
Քննարկմանը հրավիրված միջազգային փորձագետ Ուիլիս Բրաունն անդրադարձել է կարկտից պաշտպանվելու մեխանիզմների կարևորությանը՝ նշելով, որ լավ կարկտապաշտպան համակարգերից են ցանցերը։
Ամբերդի հողօգտագործող Վանուշ Գաբրիելյանը համաձայնել է՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ մի հետկար ցանկապատելու համար անհրաժեշտ է 10 հազար դոլար։
«Գյուղացին 10 հազար դոլար երբեք չի հաշվել։ Երկրորդ՝ գյուղացին վստահ չի՝ վաղը խաղողը ինչ արժեք կունենա, պետությունը կմթերի՞, թե չի մթերի։ էսօր մի մեշոկ վարունգը վաճառում են 500 դրամով»,֊ ասել է նա։
Քննարկման մասնակից ԱԺ «Ելք» կուսակցության պատգամավոր Լենա Նազարյանը կարծիք է հայտնել, որ դրանք իրավիճակային լուծումներ են, մինչդեռ պետք է գյուղատնտեսության ապահովագրություն ներմուծել։
Նա հիշեցերել է, որ 2010 թվականից Կառավարությունը խոսում է ապահովարգության մասին, մինչև հիմա առաջընթաց չկա։ Երեկ ընդունվել է ՀՀ Կառավարության նոր ծրագիրը, որում էլ այդ հարցը չի մտցվել։