Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Դարանակ ավտոճանապարհին ՊՆ համարանիշներով «Գազ 66» ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է, բոլորի մոտ էլ կա դրական դինամիկա։ Նրանցից մի մասին օրերս կարող են դուրս գրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ կողաշրջված ավտոմեքենայում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ։
«Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել են գյուղամիջյան ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունները, և վարորդը՝ խույս տալով նախրից, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և այն կողաշրջվել է, սակայն իրավապահները ունեն տեղեկություններ, ինչը որ ճշտվում է, որ վթարի մեղավորը եղել է «Գազելի» վարորդը, ով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ հանգեցրել է վթարի», – գրում է կայքը։
Վթարի հետ կապված լրագրող Մհեր Ղալեչյանն ֆեյսբուքյան իր էջում մի քանի դիտարկումներ է արել։ Մասնավորապես, գրում է լրագրողը, ԳԱԶ-66-ի արտադրությունը դադարեցվել է 1999 թվականին․ այսինքն՝ մեքենան առնվազն 18 տարվա է:
«Ինչքան էլ լավ պահես, դզես, փչես, կան ժամկետներ, որից հետո մանավանդ ռազմական մեքենայի շահագործումը արդեն վտանգավոր է: Պլյուս, ԳԱԶ-66-ը իր տեխնիկական, հարմարավետության, շահագործման չափանիշներով վաղուց չի համապատասխանում ժամանակակից պահանջներին», -գրել էր լրագրողը:
Ղալեչյանն անդրադարձել էր նաև այն հարցին, որ ԳԱԶ-66-ի մեջ թույլատրվածից մեծ թվով զինծառայողներ են եղել։
«ԳԱԶ-66-ի բեռնատարողունակությունը 2 տոննա է: Խորհրդային, հետո նաև՝ ռուսական ռազմական նորմատիվներով, մինչև 2տ բեռնատարողունակությամբ մեքենայի խցիկում թույլատրվում է տեղափոխել առավելագույնը 16 զինվոր: Ենթադրում եմ, որ այդ նորմատիվը մեր մոտ էլ է գործում: Եթե գործում է, ապա ինչպե՞ս սա հասկանալ: Համարյա կրկնակի ավել զինվոր են տարել: Հո կարտոշկա չե՞ն: Հաջորդ նորմատիվն այն է, որ բոլոր զինվորները պետք է ապահովված լինեն նստատեղերով: Եթե 30 հոգի են եղել, որտե՞ղ են նստել, ո՞նց են նրանց տեղավորել: Նկարից հեչ չի երևում, որ այս փոքր խցիկում 30 հոգի կարող է նստել: Ավելին ասեմ, հեչ չի երևում, որ մեքենայի խցիկում ընդհանրապես նստատեղեր կան», – գրել է լրագրողը։