Գյումրիի կենտրոնական շուկայի առևտրականներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ մթերքով լի մեքենաներով փակելով Վարդանանց հրապարակի կից ճանապարհներն այն բանից հետո, երբ առավոտյան հայտնաբերել են, որ շուկա տանող ճանապարհի դիմած բետոնե պատնեշ է կառուցվել։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզում գործող «Ցայգ» հեռուստաալիքի կայքը։
Առևտրականները պահանջել են, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը անհապաղ լուծում տա իրենց խնդրին, քանի որ պատնեշն ուղղակի անհնար է դարձնում հաճախորդների մուտքը շուկա։
«500 հոգի առևտրականներ են, ամեն մեկը 3 հոգի է պահում, այսինքն 1500 հոգի սոված պետք է նստի էգուց»,֊ ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
«Մենք կանգնած ենք հացի համար։ Էսօրվա օրով առել ենք տոննաներով ապրանքներ՝ գումար վաստակելու համար, շուկան փակած է։ Էս ի՞նչ է կատարվում։ Մարդիկ 20 դրամի համար են կանգնած»,֊ ասել է մեկ այլ ցուցարար։
Մարդիկ վախենում են, որ ամառվա շոգին իրենց մթերքը շատ արագ կփչանա։
Ակցիայից հետո փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի միջնորդությամբ բողոքի պատճառ բետոնյա պատնեշն ապամոնտաժվել է, սակայն դեռևս հայտնի չէ՝ ով էր դա կառուցել։ Շուկայի փակված հատվածը համայնքապատկան տարածք է:
«Ես էս պահին չեմ կարող ասել՝ ով էր դա փակել, համապատասխան մարմինները կզնաղվեն, կասեն»,֊ ասել է Մխիթարյանը։
Aravot.am-ը մանրամասնում է, որ առևտրականներից շատերը վատացել են, անգամ շտապօգնության մեքենա է եկել․ առևտուր անողների մեծ մասը վարկերի տակ են։
Շուկայում աշխատողները կարծում են, որ պատ կառուցելու հեղինակները գտնվում եմ դիմացի մայթին՝ շուկայի դիմացի հատվածի սեփականատերերն են։
«Նշենք, որ դիմացի հատվածն էլ պատկանում է Ռուդիկ Խոջոյանին (քաղաքում առավել հայտնի է Շարամ անվամբ) »,֊ գրում է «Առավոտը»։