Home / Առողջապահություն / Կամրջից մարդ է ցած նետվել․ քաղաքապետարանը կուսումնասիրի ինքնասպանությունների մասով միջազգային փորձը

Կամրջից մարդ է ցած նետվել․ քաղաքապետարանը կուսումնասիրի ինքնասպանությունների մասով միջազգային փորձը

Մինչ Երևանի քաղաքապետարանը փորձում է հատուկ խումբ ստեղծել կամրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն կատարելու դեպքերը կանխելու ուղղությամբ, այսօր՝ հուլիսի 27-ին, Դավթաշենի կամրջից ցած է նետվել մոտ 40 տարեկան մի տղամարդ։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Մահացածի ինքնությունն ու ինքնասպանության դրդապատճառներն առայժմ անհայտ են։

Նշենք, որ օրեր առաջ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«2014 թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

Ինքնասպանություն գործած 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ:

Փորձը ցույց է տալիս, որ այն դեպքերում, երբ կանխվում է ինքնասպանությունը, որպես կանոն, այդ անձը կրկին ինքնասպանության չի դիմում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ», – մասնավորապես, ասված էր միջնորդագրում:

Ըստ քաղաքապետարանի պատասխանի՝ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաև միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով: