Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ, ինչպես փաստաբանն է նշում, արդարադատության իրականացման պատասխանատու Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության դատավոր Տաթևիկ Գրիգորյանի անօրինական գործողությունները և պահանջելով դադարեցնել նրա լիազորությունները։
«Տաթևիկ Գրիգորյանը նիստերը այնպես է վարում, կարծես ինքն ինչ-որ հիմնարկի ղեկավար է և հրամաններ է տալիս իր ենթականերին», – ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը:
Համաձայն նրա՝ դատավարությունն անցնում է օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով, ամեն դատական նիստին դատավորն իրավաբանությանն անհայտ «նորամուծություններ է կատարում»։
Մասնավորապես, Գրիգորյանի բերած նորամուծություններից է, որ դատարանը գործը կարող է քննել առանց պաշտպանի մասնակցության, իսկ եթե պաշտպանը անգամ ներկա է դատավարությանը, ապա նա չի կարող իր կարծիքը հայտնել քննարկվող հարցի շուրջ, կամ իր առարկությունները ներկայացնել նախագահողի գործողությունների դեմ:
«Սա է պատճառը, որ 8 պաշտպանների նկատմամբ անհիմն և անօրինական սանկցիաներ կիրառվելուց հետո նրանք այլևս չեն մասնակցում նիստերին, իսկ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերջին 4 նիստերը շարունակում է անցկացնել առանց 6 ամբաստանյալների և 8 պաշտպանների»:
Մի քանի անգամ, երբ նախագահող դատավորը մտել է նիստերի դահլիճ, նշել է փաստաբանը, մի քանի ամբաստանյալներ ոտքի չեն կանգնում:
«Այս իրողությունը կրկնվել է մի քանի անգամ և դատավորը որևէ ձևով չի անդրադարձել դրան: Երկրորդ նիստին ինչ-որ պահից սկսած դատավորը կտրուկ փոխեց իր մոտեցումը և նույն արարքի համար սկսեց սանկցիաներ կիրառել ամբաստանյալների նկատմամբ: Այս ոչ միատեսակ մոտեցումը ցույց է տալիս, որ դատավորը սկզբունքային չէ, որ նա հստակ դիրքորոշում չունի ամբաստանյալների վարքագծի առնչությամբ և առաջնորդվում է պահի թելադրանքով: Այս դեպքում կասկած է առաջացնում, որ դատավորը ինչ-որ մեկի ցուցումով է առաջնորդվում»:
Բացի դա, հավելում Հայրապետյանը, եթե անձը ոտքի չի կանգնում իր կրոնական կամ քաղաքական հայացքների համար, ապա դա չի կարող անհարգալից վերաբերմունք դիտվել դատարանի նկատմամբ:
Ավելին, երբ Սեֆիլյանը ցանկանում էր պարզաբանումներ տալ դատարանին, թե ինչու ինքն ոտքի չի կանգնում, նախագահող դատավորը չի թույլատրել նրան պարզաբանումները ներկայացնել:
Հայրապետյանն անդրադաձել է մի կարևոր հանագամանքի, որի մասին բարձրաձայնվել էր նաև «Սասնա ծռեր»-ի պաշտպանների կողմից։
Փաստաբանը նշում է, որ ըստ օրենքի, ամբաստանյալներին նիստերի դահլիճից հեռացնելը կատարվում է դատական կարգադրիչների միջոցով, սակայն Տաթևիկ Գրիգորյանն ամբաստանյալներին հեռացնում էր ոստիկանության ծառայակիցների միջոցով․ «Նիստերի դահլիճում ներկա են բազմաթիվ ոստիկաններ և գրեթե չկան դատական կարգադրիչներ: Միայն նիստերի նման ընթացքին հետևելուց տպավորություն է, որ ոչ թե դատական նիստ է ընթանում, այլ ռազմականացված ինչ որ միջոցառում»։
Հայրապետյանը կարևորում է այն հանգամանքը, որ դատական նիստերում ներկա են գտնվում նաև ՊՊԾ գնդի ոստիկաններ, որոնք չեն կարող անաչառ իրենց պարտականությունները իրականացնել:
«Դատավարության սկզբում բոլորի համար պարզ էր, որ Տաթևիկ Գրգորյանը ցանկանում է դատավարությունն այնպես անցկացնել, որ նիստերից հեռացվեն պաշտպանները, իսկ նրանց փոխարեն նշանակվեն հանրային պաշտպաններ: Այդ նպատակին հասնելու համար դատավորն առանց որևէ հիմքի և առանց որևէ ողջամիտ բացատրության սկսեց սանկցիաներ կիրառել», – իր բաց նամակում գրել է Հայրապետյանը:
Վերջում փաստաբանը Սերժ Սարգսյանին հիշեցրել է արդարադատության մասին նրա ճառերից մի հատված․ «Մենք այսօր առավել քան երբևէ պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է։ Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը։ Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել։ Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը»։